Վանիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2025

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի կազմը համալրած Վանիկ Օհանյանը պետք է երդվի ամբիոնում:

Նորընտիր պատգամավորը երդվել է.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Շնորհակալ եմ»:

Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են սեպտեմբերի 1-ին:

Վերջինս օգոստոսի 25-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել և նշանակվել է Լոռու մարզպետ։ 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ 

Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։

Կիսվել