Վաղատուրում արձակվել է 13 արկ, տներ, այգիներ են վնասվել. ՄԻ պաշտպանը Սյունիքում է

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2022

Տեղ գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։
ՀՀ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։
Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Նման արձանագրում է արել ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, տեղեկանում ենք Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
Իսկ Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։
Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր նաև Ջերմուկ էր այցելել. տեղում արձանագրվել էր, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։
Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։

Կիսվել