Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Աննա Անտոնյան Նոյեմբեր 16, 2025

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են, որին մասնակցում է 8 քաղաքական ուժ։  Ժամը 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերի դռները: 

Վաղարշապատի ավագանու ընտրություններին 1-ին համարի ներքո մասնակցում է «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ որտեղ միավորվել են ՀՅԴ ու «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը՝ Սևակ Խաչատրյանի առաջնորդությամբ:

2-րդը «Համահայկական ճակատ» կուսակցությունն է՝ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ։

3-րդը «Հանրապետություն» կուսակցությունն է, ընտրացուցակի 1-ին համարը Հարություն Մկրտչյանն է։

4-րդը՝ «Մայր Հայաստան» ազգային դեմոկրատական կուսակցությունն է, համայնքի ղեկավարի թեկնածուն Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանն է:

5-րդ համարը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է՝ ընտրացուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը։

6-րդ համարի ներքո «Ժառանգություն» կուսակցությունն է, ընտրացուցակի 1-ին համարը փոխգնդապետ Արկադի Փայտյանն է:

7-րդը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, համայնքի ղեկավարի թեկնածուն Արգիշտի Մեխակյանը:

Վերջին՝ 8-րդ համարի քվեաթերթիկը «Հայրենիք» կուսակցությանն է, որի 1-ին համարը գրող- հրապարակախոս Խաչիկ Մանուկյանն է:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:  

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233  ներկայացուցիչ)։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։ Համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել է 47 ՏԸՀ:

Ընտրության քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։ 

Կիսվել