Ուխտավորները` Հառիճավանքում

Աննա Անտոնյան Հուլիս 17, 2021

Հավատն այն լույսն է, որով լուսավորում ենք դեպի Աստված տանող մեր ճամփան:

ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այսօր, թեմի երիտասարդաց միությունները, գլխավորությամբ թեմի երիտասարդաց միությունների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի, ուղեվորվեցին Արթիկի թեմ` Հառիճավանք։ Մինչեւ ուղեւորվելը տեր հայրը Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տերունական աղոթք բարձրացրեց առ Աստված, երիտասարդներին օրհնեց, հետո ուխտավորները ճամփա ընկան։ 


Հառիճավանքում ուխտավորներին դիմավորեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը: Հառիճավանքում հայր Նարեկը մատուցեց Սուրբ պատարագ, եւ քարոզ խոսեց, նվիրված օրվա խորհդին: Պատարագի ավարտից հետո հայր Սուրբը ուխտավոր երիտասարդներին ընդունեց վարժարանի սեղանատանը, բովանդակալից զրույց ունեցավ նրանց հետ, շնորհակալություն հայտնեց Նվասարդ Սրբազանին եւ տեր Պետրոսին Արթիկի թեմ ուխտագնացություն կազմակերպելու եւ աջակցելու համար: Պատասխան խոսքում Տեր Պետրոսը փոխանցեց Նավասարդ Սրբազանի ջերմագին ողջույնները, տեր հայրը նաեւ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ներկայացրեց թեմական-երիտասարդական ծրագրերի մասին:  


Հառիճավանքը իր պատմությունն ունի, մինչդեռ Հառիճավանքում հատկապես վերջին շրջանում սկսել է արտասահմանցի, տեղացի զբոսաշրջիկների այցելություններով ու հավատացյալներով շատանալ։ Հայր Նարեկը մեծ աշխատանք է տարել, որպեսզի Հառիճավանքը, ինչպես մեր մյուս սրբություններն են չանտեսվի։ Երիտասադների մասնակցությունը հոգեւոր կյանքին մեծ է։ Պետք է փոխանցել երիտասադներին մեր նվիրումն ու հավատը առ Աստված եւ մեր առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` անմնացորդ նվիրումը։ 


Հեղինակ` Արթուր Հայրապետյան

Կիսվել