Թուրքիան Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում առաջատարն է

Աննա Անտոնյան Օգոստոս 17, 2022

Օգոստոսի 1-15-ը Օդեսա, Չերնոմորսկ և Յուժնի քաղաքներից 21 բեռնանավ է դուրս եկել։
Թուրքիան Ուկրաինայից հացահատիկի ներմուծման առաջատարն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu գործակալությանը, որը ներկայացնում է Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի համակարգման կենտրոնի հրապարակած տվյալները:
«Թուրքիայի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջնորդությամբ, համաշխարհային պարենային ճգնաժամի և պարենի գների աճի լուծման նպատակով ստորագրված համաձայնագրին համապատասխան, Ուկրաինայից արտահանվող հացահատիկի և այլ սննդամթերքի 26 տոկոսը հասցվել է Թուրքիա։ Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի գծով համակարգող կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջատարի դիրք է զբաղեցնում Ուկրաինայից հացահատիկի և պարենի ներկրման մեջ՝ 26 տոկոսով»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ օգոստոսի 1-ից մինչև 15-ը Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնի ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 21 բեռնանավ, որով փոխադրվել է ավելի քան 563 հազար տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ:
Գործակալությունը հավելում է, որ Իրանն ու Հարավային Կորեան Ուկրաինայից ցորենի ներկրման քանակով հաջորդում են Թուրքիային՝ 22 տոկոս: Ուկրաինական հացահատիկի 8%-ը ուղարկվել է Չինաստան, 6%-ը՝ Իռլանդիա, 5%-ը՝ Իտալիա, 4%-ը՝ Ջիբութի և 2%-ը՝ Ռումինիա:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են կազմում։
Առաջինը` հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունը՝ վերացնել ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման տարբեր սահմանափակումները։ Երկրորդը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղմթերքի արտահանման ալգորիթմը։ Երկրորդ փաստաթղթի հիմքում Ռուսաստանի առաջարկած ալգորիթմն է, որով ծովային մարդասիրական միջանցք է ստեղծվում Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից առևտրային նավերի անվտանգ ելքի համար։

Կիսվել