Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է F-16 գործարքի նախագիծը
Աննա Անտոնյան
Փետրվար 29, 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչների հետ գործարքի վերաբերյալ առաջարկի նախագիծը և համապատասխան հաստատման նամակները։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ աղբյուրներին հղումով։
«Նախարարությունն ԱՄՆ-ից ստացել է առաջարկության և նամակի նախագիծ՝ կապված 40 նոր F-16 Block-70 ինքնաթիռներ գնելու և գոյություն ունեցող 79 F-16-ների արդիականացման հետ՝ օդային ուժերի հրամանատարության կարիքներին համապատասխան: Նախագիծը ներառում է նաև այդ ինքնաթիռների զինամթերք, նյութեր և սարքավորումներ: Համապատասխան գերատեսչությունները սկսել են գնահատել առաջարկը»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ գործարքի վերջնական արժեքը պարզ կլինի նախագծի վերջնականացման փուլում։
ՊՆ-ի աղբյուրն անդրադարձել է նաեւ Eurofighter կործանիչների գնման հեռանկարներին։ Պոտենցիալ գործարքը քննարկվում է այն երկրների հետ, որոնք ներգրավված են ինքնաթիռներ արտադրող կոնսորցիումում:
Թուրքիան ավելի վաղ հայտնել էր, որ Eurofighter կոնսորցիումի բոլոր մասնակիցները համաձայնել են վաճառել այդ կործանիչները Թուրքիային, բացառությամբ Գերմանիայի, որը դեռ հստակ չի հայտնել իր դիրքորոշումը։
Կիսվել