Միացյալ Նահանգները մեծահարուստ օտարերկրացիներին կվաճառի «ոսկե քարտեր», որոնք ԱՄՆ-ում ապրելու և աշխատելու իրավունք կտան և ճանապարհ կբացեն դեպի ամերիկյան քաղաքացիություն, փետրվարի 25-ին, Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ «ոսկե քարտի» արժեքը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար։
«Պատրաստվում ենք վաճառել ոսկե քարտը: Ունենք կանաչ քարտ, իսկ սա ոսկե քարտ է: Մենք այս քարտը կգնահատենք մոտ 5 միլիոն դոլար, և այն կունենա կանաչ քարտի առավելությունները։ Այն նաև ճանապարհ կբացի դեպի քաղաքացիություն, և հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը», - նշել է պետության ղեկավարը։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը բացատրել է, որ ոսկե քարտը կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային վիզաների ծրագրին:
Թրամփի խոսքով՝ ոսկե քարտերի վաճառքը կարող է սկսվել երկու շաբաթից: Նա ակնկալում է, որ միլիոնավոր քարտեր կվաճառվեն։ «Իրավական տեսանկյունից սա միանգամայն օրինական է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե արդյոք ինքը պատրաստ կլինի ոսկե քարտեր վաճառել ռուս օլիգարխներին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Այո, երևի, ես մի քանի ռուս օլիգարխների գիտեմ, որոնք շատ լավ մարդիկ են»: