Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Աննա Անտոնյան Հունվար 22, 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին:

Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:

«Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,–ասել է Փաշինյանը:

Նա հավելել է՝ քննարկում են Երևանում տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու հարց: Վարչապետը հարցրել է՝ Երևանում տրանսպորտային համակարգ չի եղե՞լ: Այնուհետև հիշեցրել է, որ Երևանում եղել է Իկարուս, տրոլեյբուսներ, տրամվայներ: 

«Այդ տրանսպորտային համակարգն ինչո՞ւ չկա, ինչո՞ւ է վերացել, որովհետև ամեն ինչ արվել է, որ այդ տրանսպորտային համակարգը լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի, հետո գնացել, կորել է: Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է ոչ մի բան չփոխել. այն տրամաբանությամբ, որով օգտվում էինք գազելներից, շարունակենք օգտվել նաև նոր ավտոբուսներից: Կարող է: Սակայն դրա արդյունքում մի որոշ ժամանակ հետո կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը «սկոտչով ցելոֆան» է կպցրած, օդորակիչը չի աշխատում, նստարանը կոտրված է, դուռը չի բացվում: Ուզում եմ նաև արձանագրել՝ երբ մենք այսօր տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրություն՝ ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալո՞ւ համար, թե՞ ուզում ենք այնպես անել, որ 10 տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևանում հնարավոր լինի գործի գնալ: Երբ տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունը չպետք է լինի այն, որ օգտվում ենք Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն այն է, որ բոլորով հանրային տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա: Եթե մենք այդպես չանենք, Իկարուսի նման MAN ավտոբուսները դառնալու են գազելներ, դրանք նորից զրոյանալու են, և ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»,–ասել է Փաշինյանը: 

Վարչապետը նշել է, որ պատրաստվում են մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել:

«Իմիջիայլոց, մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է: Դա հարստություն է, որ կարող ենք կորցնել: Զոռով, մի կերպ պահում ենք»,ասել է Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև համակարգում առկա տեխնիկական խնդիրներին:

«Հարցը հայեցակարգային մակարդակում հետևյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ և զարգանալ, թե՞ չենք ուզում, թե՞ ուզում ենք, որ էլի գա Իկարուս, Երազ, իշաոտնուկներով Երազներ, գազելներ, հետո հուսահատության գազելներ»,–ասել է վարչապետը:

Կիսվել