Մեր հերոսը` Տիգրան Ղարիբյանը, այսօր կդառնար 21 տարեկան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 15, 2021

Մեր հերոսը`  Տիգրան Ղարիբյանը,  այսօր կդառնար 21 տարեկան

Անկախության սերնդի լուսավոր տղաները հավատում էին, որ հայրենիքը հզոր ու անպարտ է նաև իրենց շնորհիվ, որ հայրենիքն իրենց պաշտպանության կարիքն ունի, և 2020թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց անձնուրացությամբ ապացուցեցին այդ:

Նրանցից մեկն էլ գագարինցի Տիգրան Ղարիբյանն էր: Զինվորական ծառայության մեկնաց Տիգրանը երդվել էր պատվով ծառայել հայրենիքին, լինել օրինակելի զինվոր և իր երդմանն էլ հավատարիմ զոհեց իր կյանքը` դառնալով հավերժի ճամփորդ:

Սեպտեմբերյան արևառատ այս օրը նա կդառնար 21 տարեկան ու ծնողների, հարազատների ներկայումբ կփչեր տոնական տորթի մոմերը` պահելով երիտասարդին հատուկ հազար ու մի երազանք:

2021-ի սեպտեմբերի 15-րդ օրը Գագարինում ճանապարհները տանում էին գերեզմանատուն: Փողփողացող եռագույնի ներքո Տիգրանի այլևս արձանացած հպարտ հայացքն է` ուղղված անմահությանը: 

Սևաչյա, լուսավոր ու պայծառ մեր Տիգրան, շնորհավոր երկնային ծնունդդ: Գիտենք` այժմ հոգիդ թևածում է երկնքում և հսկում է քո ու ընկերներիդ պաշտպանած հայրենիքիդ սահմանները:

Այսօր քո գերեզմանաքարի մոտ կրտսեր ընկերներիդ կողմից բաց թողած աղավնիներն էլ քո երազած խաղաղության վկաներն են, իսկ ընկերներդ, որ գլխահակ են ու լռելյայն, խոստանում են` կիսատ ու անթև երազներդ իրականացնել:

Խունկ ու խնկարկում հիշատակիդ, հավերժ փառք քեզ, մեր հերոս Տիգրան:

Նյութը `Սևանի քաղաքապետարանի ֆբ էջից 

Կիսվել