Սևան քաղաքում գործող Tesvan-ը քաղաքի համար նոր հորիզոն կբացի

Աննա Անտոնյան Օգոստոս 16, 2021

Մեր օրերում ամենաթանկ ռեսուրսը մարդն է ,և այդ ռեսուրսի շուրջ է պտտվում աշխարհը ։ 

Մարդկային ռեսուրսի կառավարման և կատարելագործման ճիշտ տարբերակ են ընտրել Դավիթ Գրիգորյան և Արփինե Ալեքսանյան ամուսինները , ովքեր Տեղեկատվական տեխնոլոգիաների իրենց փորձն ու գիտելիքը ամփոփեցին Tesvan նախագծում , այն կյանքի կոչելով Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ։ 

Ծրագրի պատմության և հետագա անելիքների մասին զրուցել ենք հիմնադիր Դավիթ Գրիգորյանի հետ ։

֊Ինչպես է սկսվում Tesvan-ի պատմությունը։ Ո՞ւմ նախաձեռնությունն էր ։

֊Իմ ու կնոջս նախաձեռնությունն է եղել. ես մոտավոր արդեն 4 տարի IT ոլորտում էի ու այդ ընթացքում հասցրել էի աշխատել 3 մեծ ընկերությունում,  ունեի կոլեգաներ, ովքեր խելքով չէին փայլում, բայց ինչ֊որ մի ձև հայտնվել էին IT ընկերությունում, ու բավականին բարձր աշխատավարձ էին ստանում: Ու հակառակը, ունեի ընկերներ հենց Սևանից, ովքեր բավականին խելացի էին բայց աշխատում էին ուրիշ ոլորտում բավականին ցածր աշխատավարձով: Մտածեցի որ ուղղակի հնարավորություն ունեցել ծանոթանալու այս ոլորտի հետ ու ինչ֊որ տարբերակ մտածեցինք նրանց հնարավորություն տալու համար: 2019 ի սկզբին անվճար դասընթաց կազմակերպեցինք ուղղակի հասկանալու համար պոտենցիալը Սևանի երիտասարդների ու 15 մասնակցի համար 2.5 ամսվա դասընթաց անցկացրեցինք, որից հետո 5 մասնակից ընդւնվեցին Երևանյան ընկերություններ: Հետո հասկացանք որ այդքան էլ լավ բան չենք անում, այնպես էլ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, մի բան էլ մենք ենք նպաստում որ տեղի տաղանդները գնան: Արդեն գործընկերոջս հետ կազմակերպեցինք երկրորդ անվճար դասընթացը, նպատակ ունենալով ավարտից հետո մեր փոքր ընկերությունը հիմնել Սևան քաղաքում: Մոտ երեք ամիս հետո ընտրեցինք 4 հոգի, + 2 հոգի ովքեր նախորդ դասընթացից ընդւնվել էին Երևանյան ընկերություններ, մենք նոր  առաջարկ արեցինք ու նրանք էլ միացան մեր թիմին: 

Tesvan֊ը պաշտոնապես գոյություն ունի 2020 մարտից ու հիմա 24 մասնագետ աշխատում են մեր ընկերությունում։ 

֊Կասեք Tesvan-ի բուն գործունեությունը ո՞րն է ։ Եվ ովքեր են գործընկերները։

֊Մենք որակի ապահովման ծառայություն (Quality Assurance services) ենք մատուցում հիմնականում Եվրոպական ու Ամերիկյան ընկերություններին: Համագործակցում ենք Ռուսաստանի, Գերմաիայի, ԱՄՆ֊ի, Ուկրանիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի ընկերությունների հետ։

֊Սևանում դժվարության հանդիպեցի՞ք,  թե մարդիկ պատրաստ էին նորարարությանը գրկաբաց ընդունելու ։

֊Հիմնական դժվարությունը մեր մասին ինֆորմացիան մարդկանց հասցնելն էր։ Մենք ակնկալում էինք որ կունենանք գոնե 50 դիմորդ, որոնցից կընտրեինք գոնե կեսը ու կկազմակերպեինք դասընթացը, բայց դիմում էին մոտ 25-35, ու ընտրում էինք մոտ 80% դիմորդներին։ Կարծում եմ, հիմա արդեն ունենք բավական ճանաչում, ու հաջորդ դասընթացին ակնկալում ենք ավելի շատ դիմորդներ։ Իսկ պոտենցիալի առումով, սպասելիքները նույնիսկ գերազանցում են։ 


֊Սևանում ինչքան տեղյակ ենք նաև շինարարական աշխատանքներ են ընթանում,  ե՞րբ եք նախատեսում  ավարտը ։

֊Մոտ երկու շաբաթ առաջ ենք սկսել, ու ավարտը նախատեսում ենք 2022 թվականի սեպտեմբերին։ Այստեղ կուզեմ նշել, որ ուղղակի անհրաժեշտ է ունենալ Երևանյան օֆիսների պայմաններին չզիջող պայմաններ։ Շատ կարոր է որպեսզի տեղի աշխատողը չմտածի որ ուրիշ ընկերությունում պայմանները ավելի լավն են։

֊Հնարավո՞ր է առաջիկայում այլ մարզերում ևս գործունեություն ծավալեք։

֊Հաջորդ նմանատիպ ընկերությունը կլինի Հրազդան քաղաքում (Կոտայքի մարզ), բայց ամենայն հավանականությամբ մոտ 2024 թվականին։ Նախ, Սևանի մասնաճյուղում պետք է ձգտենք ունենալ մոտ 50 աշխատակից, այնուհետև մյուս քաղաքների մասին մտածենք։ Մենք ունենք ևս մեկ մեծ նախագիծ Սևան քաղաքի համար , որի մասին այս պահին չեմ խոսի ։ 

Հետագա անելիքները հետո քննարկելու պայմանով բաժանվեցինք, ու մի բան մնաց անսասան` համայնքի զարգացման հենքը համայնքի նկատմամբ հոգատար մարդիկ են ։ 

Զրուցեց` Արմինե Մելքոնյանը

Կիսվել