Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց տեսակով ու բնույթով չեն կարող լինել ընդդիմադիր գործիչներ ու առաջնորդներ

Աննա Անտոնյան Փետրվար 04, 2022

Խորհրդարանական «ընդդիմադիր» խմբակցությունները հայտարարել են, որ որևէ կերպ չեն մասնակցելու Հանրապետության նախագահի ընտրությանը՝ պատճառաբանելով, որ ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:


Երբ հարցը վերաբերում է Ձեր մանդատներով գործող խորհրդարանը լեգետիմացնելուն, երբ հարցը վերաբերում է ընտրովի այլ պաշտոններում Ձեր թեկնածուներին առաջադրելուն ու ընտրվելուն, երբ հարցը վերաբերում է Ձեր գործունեությամբ ու գոյությամբ գործող իշխանությանը լեգետիմացնելուն ու նրանց իշխանությունը ամրապնդելուն, երբ հարցը վերաբերում է անձամբ Ձեր աթոռներին, Դուք ոչ միայն մասնակցում եք, այլև առաջին դիրքերում եք, իսկ երբ հարցը վերաբերում է ռազմավարական բնույթի հարցերին, խորքային բնույթ կրող խնդիրների լուծմանը, դուք թռած եք պատասխանատվությունից:


Այս կերպ մսխել խորհրդարանական ընդդիմության՝ օրենքով վերապահված իրավասությունները, այս կերպ վարկաբեկել խորհրդարանական կառավարման համակարգում Խորհրդարանի դերն ու նշանակությունը, այս կերպ այլասերել ու ամայացնել երկրի քաղաքական համակարգը, հնարավոր էր միայն մի դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպես ընդդիմություն, հանդես գային խորհրդարանում հայտնված «Ընդդիմադիր» ուժերը:


Դուք Ձեր վարքագծով ոչ միայն վարկաբեկում եք Ձեզ ու մեր պետությունը, այլև ամեն ինչ անում եք, որ մեր ժողովրդի մի ստվար հատված զզվանքով նայի Ձեզ ու ճարահատյալ գոռա «Նիկո՛լ, վարչապետ»…


Մյուս կողմից, մեր ժողովրդի մեկ այլ հատված, գտնվելով մոլորության մեջ, դեռևս չի ցանկանում գիտակցել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց տեսակով ու բնույթով չեն կարող լինել ընդդիմադիր գործիչներ ու առաջնորդներ: 


Այդ մարդիկ գրեթե իրենց ողջ գիտակցական կյանքում եղել են արքունիքում և մեծագույն ցանկության դեպքում անգամ պատրաստ չեն ու չեն կարող ղեկավարել երկրի քաղաքական ընդդիմությունը:


Մեզ որակապես նոր ընդդիմություն է անհրաժեշտ, որը ճիշտ պահին կստանձնի պատասխանատվություն՝ հաջորդ իշխանությունը լինելու համար:


Այլ տարբեկակ չունենք և գնալու ենք այդ ճանապարհով՝ իսկապես ուժեղ ու արդար Հայաստան կառուցելու համար:

Նորայր Նորիկյան

Կիսվել