«Սուրմալուի» պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ. ԱՆ

Աննա Անտոնյան Օգոստոս 17, 2022

Ստացիոնար բուժման կարիք ունեն հիմնականում կոտրվածքներ ստացած քաղաքացիները։
Այսօր առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ Երևանի բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ «Սուրմալուի» պայթյունից տուժած 5 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։
«Եղել են դուրսգրումներ երեկ երեկոյան, օրվա երկրորդ կեսին, ևս 2 պացիենտ դուրս են գրվել այսօր առավոտյան։ Եվ այսօր ժամը 10։00-ի դրությամբ ստացիոնար բուժում են շարունակում ստանալ 5 անձ»,– ասաց նա։
Ղոնյանը նաև հայտնեց, որ հիվանդանոցներում են մնացել հիմնականում կոտրվածքներ ստացած քաղաքացիները։
«Ունենք պացիենտ Այրվածքաբանության ազգային ինստիտուտում, որը շարունակում է դեռևս բուժում ստանալ։ Բոլորի վիճակն այս պահին բավարար է։ Սակայն դեռևս կարիք ունեն հիվանդանոցային պայմաններում հսկողության և բուժման»,– հայտնեց Ղոնյանը։
Դեպքից հետո հիվանդանոցներ տեղափոխված ավելի քան 6 տասնյակ անձինք հիմնականում ունեցել են վերջույթների կոտրվածքներ, մաշկի վնասվածքներ, այրվածքներ։ Նրանց մեծ մասը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, ստացիոնար բուժման կարիք չի եղել։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։

Կիսվել