Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Օգոստոս 26, 2025

Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտաքին գործերի պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Սթիվեն Դաութին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին բրիտանացի Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Սթիվեն Դաութիին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Կիսվել