Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Ոստիկանության իրականացրած գործողությունը կապված է կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության հետ։ Ավելի վաղ խուզարկություն էր կատարվել քաղաքապետի տանը։
Բերման են ենթարկվել քաղաքապետը, նրա մամուլի քարտուղարը և քաղաքապետարանի մոտ 100 այլ աշխատակից:
Իմամօղլուն «կալանավորվել է և ներկայումս գտնվում է ոստիկանության գլխավոր վարչությունում»։
Ստամբուլի համալսարանը գլխավոր դատախազության հարցումից հետո երկուշաբթի օրը չեղարկել է Իմամօղլուի համալսարանական դիպլոմը։
Իրավապահների կասկածը հարուցել էին Իմամօղլուի՝ Հյուսիսային Կիպրոսի համալսարանից Ստամբուլ տեղափոխվելիս հնարավոր խախտումները, քանի որ կղզու ուսումնական հաստատությունն այն ժամանակ պաշտոնապես ճանաչված չէր Թուրքիայի կողմից։ Ինքը՝ Իմամօղլուն, ցուցմունք է տվել այդ առնչությամբ:
Երկրի օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող է դառնալ միայն բարձրագույն կրթություն ունեցողը։