Սրիկա վարչապետը պետք է զղջա ու ապաշխարի, քաջություն ունենա ներողություն խնդրելու, բայց նա տեղով չարիք է և արժանապատվություն չունի. Թաթուլ Մանասերյան

Աննա Անտոնյան Մայիս 11, 2021

Իշխանությունն ամբողջապես աղավաղել է տնտեսությունը, որոշ տնտեսագետներ դարձան այս խեղկատակի խամաճիկը, երբ սկսեցին ասել՝ տնտեսական հեղափոխություն, մենք մեր տունը քանդում ենք ստով, եթե այն բացառենք, շատ բան կփոխվի. ստում են բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացին, դա դարձել է ապրելակերպ, պետք է կանգ առնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանը:

«Պետք է իրատես լինել, հայացքները չփախցնել իրարից, և եթե բարոյականություն չեղավ, ոչ մի տնտեսություն, քաղաքականություն, աղքատության և գործազրկության կրճատում չի լինի: Ի՜նչ ցավով է Թումանյանն Իսահակյանին և Անդրանիկին նամակներ գրել հարյուր տարի առաջ: Սրիկա վարչապետը պետք է զղջա ու ապաշխարի, քաջություն ունենա ներողություն խնդրելու»,- ասել է տնտեսագետը:                                                                                              

Ըստ Մանասերյանի՝ տնտեսագիտական վերնախավն սկզբնապես պատրաստ էր օգնել վարչապետին, առաջարկներ է ներկայացրել, բայց նա դրանք անգամ չի կարդացել. «Մենք ենք մեղավոր, Գերմանիայում սրիկա նիկոլիկները չեն դառնում վարչապետ, որովհետև ամեն գերմանացի իրեն տեր է զգում, սա այն Գերմանիան է, որը մասնատված էր, բայց մոխիրներից վեր հառնեց: Ինքնաճանաչումը պետք է նորից արթնացնել մարդկանց մեջ, մենք կարող ենք կուշտ փորով ապրել, բայց չհասկանալ՝ ո՞ւր ենք գնում, ո՞րն է մեր տեսլականը: Առողջ ազգայնականություն պետք է լինի, բայց ոչ ի հաշիվ այլոց»:

Պրոֆեսորի կարծիքով՝ կառավարությունում այսօր չկան արհեստավարժներ, աշխատում է միայն ԿԲ-ն՝ իր ինստիտուցիոնալ հիշողությամբ. «Մենք հասանք այնտեղ, որ վճարում ենք վարձու բանվորին, որը պիտի նորոգեր մեր տունը, բայց այն ավերել է, իսկ մենք նրան ոչ միայն վճարում ենք, այլև պարգևավճար ենք տալիս: Մեր լռությունը հանցակցություն է, մեզ անգամ պատերազմի ապտակը չի սթափեցրել, ես տեսնում եմ մարդկանց, որոնք փաթաթվում են Փաշինյանին, ես չեմ ուզում այդ ազգից լինել, այսքան զոհերից հետո ուրիշ ի՞նչ է պետք, որ ուշքի գանք, պիտի նամուս ունենա՞նք, թե՞ աննամուս ապրենք»:

Թաթուլ Մանասերյանի պնդմամբ՝ հարևան Վրաստանում անգամ մարդիկ հանդուրժող չեն անհանդուրժելիի նկատմամբ, իսկ մենք ուրացանք մեր զոհերին. «Մենք հողատարածք չենք կորցրել, այլ ինքնություն և արժանապատվություն, մեր ղեկավարին հայհոյում են, բայց նա արժանապատվություն չունի: Մենք մինչև վերջին շունչը պիտի պայքարենք, իրավունք չունենք հանձնվելու: Խաղաղ պայմաններում բոլորը լավն են, կրիտիկական պայմաններում են երևում մարդկանց որակները, թե ովքեր են գաղափարակից և նույն արժեքները դավանող, կորստի ցավը միավորում է»:

Տնտեսագիտության դոկտորի պնդմամբ՝ այսօր երկրի տիրոջ զգացողություն չկա, դա շատ ավելի վտանգավոր հիվանդություն է, քան կորոնավիրուսը: «Այն ուժերը, որոնք կհեռացնեն այս չարիքին, պետք է պայմանավորվեն՝ ինչ չափանիշներով ընտրել արժանիներին: Նոյեմբերի 9-ից հետո իմքայլական դասակարգը հօդս էր ցնդել, նրանք հասարակության հատակն են, մենք ենք մեղավոր, այդպես չպետք է լինի»,- ամփոփել է «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահը:

Կիսվել