Սպանություն Վայոց ձորի մարզում, գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ, գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է. shamshyan.com

Աննա Անտոնյան Մայիս 02, 2021

Այսօր՝ մայիսի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
 
Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:
 
Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերվել է Toyota Camry մակնիշի 092 QO 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր:
 
Դեպքի վայրում սպանվածի մոր ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար ոստիկանությունը ահազանգեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից ժամանեց բժիշկների հերթապահ խումբը:

Կիսվել