Սննդամթերքի գներն աճել են 8.8 տոկոսով, կրթության ոլորտում գնաճը կազմել է 8.3 տոկոս, իսկ առողջապահության ոլորտում՝ 3.5 տոկոս

Աննա Անտոնյան Հուլիս 10, 2026

2026 թ-ի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների 5.1 տոկոս աճ է գրանցվել։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի՝ ամենաբարձր աճը գրանցվել է սննդամթերքի ապրանքախմբում՝ 8.8 տոկոս, և կրթության ոլորտում՝ 8.3 տոկոս, իսկ առողջապահության ոլորտում գներն աճել են 3.5 տոկոսով։

Հացամթերքի և ձավարեղենի գները բարձրացել են 2.8 տոկոսով, մսի գինը՝ 12.5 տոկոսով, որից տավարի մսի գինը բարձրացել է 23.4 տոկոսով։ Թռչնամսի գինը բարձրացել է 5.2 տոկոսով, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գնաճը կազմել է 12.5 տոկոս, ընդ որում՝ միայն ձվի գինը բարձրացել է 29.9 տոկոսով։

Չնայած արտահանման խնդիրներին՝ հատկանշական է, որ մրգի ապրանքախմբում գների անկում ամենևին չի նկատվել. հակառակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ապրանքախմբում 16.8 տոկոս գնաճ է արձանագրվել։ Բանջարեղենի գինը նույնպես բարձրացել է 3.1 տոկոսով։

Աճել են նաև սուրճի և թեյի գները՝ համապատասխանաբար 5.6 և 4.5 տոկոսով։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ողջ ընթացքում Փաշինյանը հատկապես տարեց ընտրողներին հիշեցնում էր, թե թոշակները 10 000 դրամով բարձրացրել է, մինչդեռ վերոնշյալ ապրանքախմբերի գնաճից դատելով, որոնք առաջին անհրաժեշտության են, վստահաբար կարելի է պնդել, որ թոշակառուների բարեկեցության մակարդակը ամենևին չի բարելավվել։

Կիսվել