ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 20, 2021


       

  Սևանի տարածաշրջանի հարգելի բնակիչներ


Կրկին կանգնած ենք ընտրության առջև, և 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին ընտրելու ենք Սևանի տարածաշրջանի զարգացման հետագա 5 տարիների համար պատասխանատու ու երաշխավոր քաղաքական ուժին կամ դաշինքին:

Համոզված եմ հասարակությունը ճանաչում ու գնահատում է այն արժեքները, որոնք ապացուցվում են աշխատանքով: Արդեն իսկ աշխատանքով ապացուցված փորձառությունս և արձանագրված հաջողությունների հանրագումարը խոստանում են Սևանի զարգացման մի նոր շրջափուլ:

Սևանը դեռևս ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծման համար իրականացվում է ամենօրյա աշխատանք, իմ ծրագրերի մի մասն էլ լուծման ճանապարհին է: Մարդիկ հավատում են և սպասում, իսկ ես մարդկանց հույսերը չարդարացնելու իրավունք չունեմ: Ավելին` համայնքի յուրաքանչյուր բնակչի օգնությամբ ես կգտնեմ լուծման ուղիներ, իսկ եթե չգտնեմ,  ապա կստեղծեմ դրանք:

Իմ պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ավագանու հետ արել եմ հնարավորը, որ կատարված աշխատանքները լինեն շոշափելի ու արդյունավետ, յուրաքանչյուր բնակիչ իրեն զգա ուշադրության կենտրոնում: Երբեք չեմ դրել բաժանարար գծեր, ինձ համար կարևոր է յուրաքանչյուրի կարծիքն ու տեսակետը:  

Թիկունքումս ունենալով բնակիչների վստահությունը, անցած տարիներին կուտակված փորձը, կայացած թիմ` «Սարգիս Մուրադյան» դաշինքով մասնակցության հայտ եմ ներկայացնում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Առաջիկա ընտրապայքարին մասնակցելու եմ համայնքի ղեկավարի` 5-ամյա աշխատանքային փորձառությամբ, կատարված գործերի ու ծրագրերի ստվար ցանկով:

Ես հավատում եմ, որ մենք փոխադարձ վստահության պայմաններում  շարունակելու ենք  կյանքի կոչել համայնքի զարգացման ծրագրերը, և «Շարունակենք կառուցել միասին»  կարգախոսն էլ դառնալու է մեր անցնելիք ճանապարհի մշտական ուղեկիցը:

Հերթական` 2021թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների շեմին էլ ինձ և իմ դաշինքի համար գլխավոր չափանիշը աշխատանքն է, սոցիալական համերաշխությունը, վստահության և փոխըմբռնման մթնոլորտի պահպանումը:

Հարգանքներով`   


«Սարգիս Մուրադյան»  դաշինքի` Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Սարգիս Մուրադյան

Կիսվել