Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Աննա Անտոնյան Հուլիս 06, 2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում իր մեծագույն ներդրումն ունեցած՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Հատկապես Վարպետի շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ՝ հպարտության և ոգևորության բազում անկրկնելի պահեր պարգևելով ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ միլիոնավոր երաժշտասերների` աշխարհի տարբեր ծայրերում:

Ես ևս ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի կյանքի օրոք վայելելու նրա բարձրարվեստ կատարումները և պետության կողմից գնահատելու անվանի երաժշտի ու կոմպոզիտորի  մեծ վաստակը:

Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Գասպարյանների ընտանիքին, Ջիվան Գասպարյանի արվեստի միլիոնավոր երկրպագուներին և մեր ամբողջ ժողովրդին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»:

Կիսվել