Ռուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պես

Աննա Անտոնյան Հունիս 30, 2026

Ինչպե՞ս կարող է ազդել Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը Հայաստանի վրա, քանի որ վառելիքի մեծ մասը հենց այդ երկրից է ներկրում: Կառավարությունը այս հարցին դեռ պատասխան չունի, բայց երևանյան բենզալցակայաններն աշխատում են սովորականի պես:

Ռուսաստանում արդեն մի ամիս է՝ վառելիքի սակավություն է նկատվում: Վիճակը հատկապես վատ է Ռուսաստանի կողմից գրավված Ղրիմում՝ այնտեղ ընդհանրապես արգելված է քաղաքացիական անձանց բենզին վաճառել: Իսկ հենց Ռուսաստանի մարզերում՝ մի քանի տասնյակ բնակավայրերում, սահմանափակված է մեկ անձին վաճառվող վառելիքի քանակը՝ 15-30 լիտր՝ կախված տարածաշրջանից: Բենզինի սակավություն է, կիլոմետրանոց հերթեր են լցակայաններում, որոնցում երբեմն անգամ ծեծկռտուք է լինում:

Հունիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն ընդունեց, որ խնդիր կա: Այս հարցով խորհրդակցություն անցկացրեց և հայտարարեց, որ ներքին շուկայում վառելիքի պակասը լրացնելու համար սկսել են պաշարներից օգտագործել: Բայց պաշարներն, ըստ Պուտինի, առանձնապես չեն պակասել՝ նախորդ տարվա համեմատությամբ միայն 4 տոկոսով, իսկ երկրում հիմա ամբարված մոտ 1.7 մլն տոննա վառելիք կա:

Պուտինը նաև հայտարարեց, որ ներքին սպառողի պաշտպանության համար Ռուսաստանը մտցրել է բենզինի և ավիակերոսինի արտահանման լիակատար արգելք ու քննարկում է նաև դիզելային վառելիքի արտահանման համար լիակատար արգելք մտցնելու հարցը:

Հայաստանի պարագայում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջերս լարված են, Ռուսաստանն արգելում է հայկական մթերքի ներմուծումը: Մայիսի վերջին էլ Ռուսաստանից հայտնել էին, որ Երևանին է փոխանցվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում ասվում էր, որ ռուսական կողմը կարող է դադարեցնել Ռուսաստանի ու Հայաստանի միջև 2013 թվականի համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին, եթե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի: Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանի պարագայում Եվրամիությանն անդամակցության գործընթաց չկա՝ Հայաստանը ոչ թեկնածու է, ոչ էլ անգամ հայտ է ներկայացրել թեկնածության:

Կիսվել