Եթե ամուսնությունը լուծարվի կամ անվավեր ճանաչվի դատարանում, ապա ժամանակավոր բնակության թույլտվությունները կչեղարկվեն։ Ռուսաստանում ուժի մեջ է մտել կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը. այսուհետ օտարերկրացիները ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար պետք է երեք տարի ամուսնացած լինեն ՌԴ քաղաքացու հետ կամ ընդհանուր երեխա ունենան: Եթե ամուսնությունը գրանցված չէ, ապա դատարանում անհրաժեշտ կլինի ապացուցել, որ երեխայի ծնողները առնվազն երեք տարի համատեղ բնակվում են ՌԴ-ում և մասնակցում են երեխաների դաստիարակությանը: ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը պարզաբանել է, որ նոր կանոնները չեն վերաբերի Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի և Ուկրաինայի հայրենակիցներին: 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու հիման վրա կայացվել է ժամանակավոր կացության թույլտվությունների չեղարկման 107 և կացության թույլտվության չեղարկման մասին 75 որոշում։ Հիշեցնենք` Ռուսաստանի իշխանությունները միգրացիոն օրենսդրության խստացումը սկսեցին քննարկել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի կատարման մեջ մեղադրվում են Տաջիկստանից ներգաղթած 4 անձինք: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին ժամանակավոր բնակության թույլտվություն տալու մասին որոշումների ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը կայացվել է Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնության փաստով, իսկ կացության թույլտվությունների կեսը տրվել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երեխաների առկայության հիման վրա։ Կասկածներ կան, որ որոշումներից շատերը հիմնված են եղել կեղծ ամուսնությունների կամ կեղծ հայրության վրա։