Ռուսաստանի հայերի միությունը, նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ ձևավորում է կարևոր նշանակության մի կառույց՝ ‹‹Հայաստանի ժամանակակից պատմության ինստիտուտ››

Աննա Անտոնյան Մայիս 13, 2021

Ռուսաստանի հայերի միությունը, նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ ձևավորում է կարևոր նշանակության մի կառույց՝ ‹‹Հայաստանի ժամանակակից պատմության ինստիտուտ››։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներն անհրաժեշտություն ստեղծեցին բազմակողմանի և համալիր ուսումնասիրություն սկսել Հայաստանում սոցիալ-քաղաքական, ռազմական և տնտեսական գործընթացների շրջանում՝ նկատի առնելով երկրում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ կառուցողական մոտեցումները ոչ միայն վերջին երեք տարիների ընթացքում, այլ նաև 1991 թ-ին Խորհրդային Միության փլուզման արդյունքում Հայաստանի անկախության ձևավորման պահից։ Նպատակ հետապնդելով ձևավորել անկողմանակալ և անաչառ հետազոտությունների հիմքի վրա ներկայացվող պատմական մշակույթ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմավորվում է ‹‹Հայաստանի ժամանակակից պատմության ինստիտուտ››-ը։ Ինստիտուտի հիմնախնդիրներից է հետսովետական տարիների ժամանակահատվածի, Հայաստանի անկախ պետականության վերականգնման, մասնավորապես՝ ժամանակակից քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, մշակութային, կրոնական և այլ գործընթացների խորը ուսումանսիրությունը։ Ինստիտուտի արհեստավարժ փորձագետների կողմից հետազոտության և մոնիտորինգի կենթարկվեն տարածաշրջանում առկա արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-էթնիկական և ռազմա-քաղաքական կոնֆլիկտները։ Արա Աբրահամյան․ ‹‹Մենք ունենք ահռելի արդյունավետ հետազոտական փորձ, որն անպայմանորեն կունենա իր շարունակությունը նոր կառուցվածքային ձևաչափում։ 2000 թ-ից սկսած Ռուսաստանի հայերի միությանը կից գործել է Միջազգային իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտը, որն այժմ կրում է ինստիտուտի առաջին տնօրենի, անվանի իրավաբան-միջազգայնագետ Յուրի Բարսեղովի անունը։ Փորձագետների կատարած հսկայածավալ աշխատանքի արդյունքում ինստիտուտն ունեցավ մի շարք կարևոր նշանակության հրատարակված գրքեր, որոնցից են իր տեսակի մեջ զուգահեռը չունեցող ‹‹Հայերի ցեղասպանությունը։ Թուրքիայի պատասխանատվություններն ու պարտավորությունները միջազգային հանրության նկատմամբ։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ›› երեքհատորյա ժողովածուն և ‹‹Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և միջազգային քաղաքականության մեջ։ Մեկնաբանություններ և փաստաթղթեր›› երկհատորյակը։ Հիմա շատ կարևոր է վկաների գոյության և փաստավավերագրական նյութերի հիման վրա կերտել իրական պատմական պատկերը, քանի դեռ կենդանի են այդ իրադարձությունների մասնակիցները։ Կարևոր է հստակորեն գնահատել ինչպես վերջին տասնամյակում ունեցած հաջողություններն ու հաղթանակները, այնպես էլ բացթողումների և սխալների բուն պատճառները։ Դեպքերի ուսումնասիրությունն անհրաժեշտ է ոչ միայն պատմական իրողությունն իմանալու և եկող սերունդներին փոխանցելու համար, այլ հաշվի առնելով կուտակած փորձը՝ մշակելու խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմ, որպեսզի մեր ժողովուրդը նորից ու նորից չբախվի պատմական նույն մարտահրավերների հետ››:

Կիսվել