Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսն իրենց ողջ գործունեության ընթացքում Հայաստանում և Արցախում իրականացրել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր։ Նախագծերից ամենանշանակալիցներից մեկն է «Հայաստանում և Արցախում դպրոցները համակարգիչներով զինելն՝ ազգային խնդիր» ծրագիրը: Այն ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ ծրագրի շահառուները դպրոցականներն ու երիտասարդներն էին, այսինքն՝ նախագիծը միտված էր Հայաստանի ապագայի զարգացմանը: Ծրագրի իրականացման գործընթացը սկսվել է 2002 թ-ին: 2002-2003 թթ-ին այն իրականացվել է Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի կողմից, իսկ 2004 թվականից ի վեր նախագիծն իրականացնում է Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի հայաստանյան մասնաճյուղը:
Իրականացված ծրագրի արդյունքում 700 դպրոցներում, համալսարաններում և այլ ուսումնական հաստատություններում ձևավորվել են համակարգչային դասընթացներ և լսարաններ: Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի և Մայր Աթոռի կաթողիկոսարանի հետ միասին հանրապետության բոլոր մարզերում բացվել են համակարգչային կենտրոններ`անապահով ընտանիքների, ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համակարգչային անվճար ուսուցումը կազմակերպելու համար:
Ուսուցման գործընթացին աջակցելու համար կենտրոնները Ռուսաստանի հայերի միությունից ստացել են թվով 400 համակարգիչ: Եվս 400 համալիր սարքավորումներ հանձնվել են ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի բարեգործությունը չի շրջանցել նաև Հայաստանում ծառայող ռուս սահմանապահներին: Ծրագրի շրջանակներում համակարգիչներ ստացան նաև սահմանապահները։
2002 թվականին Ռուսաստանի հայերի միությունը 100 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանի գրողների միությանն առընթեր գրականության զարգացման հիմնադրամին: 2007 թ.-ին ՀՀ ԳԱԱ-ի ներքո ստեղծվեց Գիտության զարգացման հիմնադրամ, որը համանախագահում էին Արա Աբրահամյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը: Այս հիմնադրամին նույնպես փոխանցվել է 100 հազար ԱՄՆ դոլար:
Բարեգործական ծրագիր մեկնարկվեց 2007 թ-ին։ Տեղի ունեցավ լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների մրցույթ, որի նպատակն էր նպաստել գիտական և ստեղծագործ մտքի արդյունավետության բարձրացմանն ու մտավոր կյանքի առաջընթացին:
Մեկ այլ ծավալուն բարեգործական նախագիծ է Հայաստանի հանրակրթական դպրոցների «Եր- բարեկամության կամուրջ» ռուսական երգի փառատոնը: Այս ծրագրի հիմնական նպատակն է խթանել ռուսաց լեզվի հանրայնացումը, բարելավել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վարկանիշը Հայաստանում, հայ երիտասարդ սերնդին ծանոթացնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքների հետ, ընդլայնել նրանց հետաքրքրությունը Ռուսաստանի, ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի նկատմամբ՝ պահպանելով և հետագայում խորացնելով բարենպաստ հասարակական կարծիք Ռուսաստանի և ռուս ժողովրդի մասին: Փառատոններն անցկացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ՝ «Ռուսսկիյ միր» հիմնադրամի (ՌԴ) մասնակի ֆինանսական աջակցությամբ:
Ռուսաստանի հայերի միության կողմից Արա Աբրահամյանի ղեկավարությամբ Հայաստանում իրականացվող բարեգործությունները չեն սահմանափակվում ներկայացված ծրագրերով: Օրինակ, Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերի ընթացքում տարեկան մասնակցում էր ավելի քան 500 մարդ, որոնց ներկայության ապահովումը (հարյուր հազարավոր ԱՄՆ դոլար) հոգացել է կազմակերպությունը։ Պատվիրակությունների կազմում Հայաստան են ժամանել ստեղծագործ մտավորականության, բժշկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակներում ռուս բժիշկներն անցկացրել են անվճար բժշկական խորհրդատվություններ և վիրահատություններ:
Գրողներ, նկարիչներ, լրագրողներ հետաքրքիր և մասնագիտական առումով կարևոր հանդիպումներ են անցկացրել հայ գործընկերների հետ, կազմակերպվել են անվճար համերգներ Երևանում և հանրապետության մարզերում:
Այսպիսի բարեգործական ծրագրերի օրինակները շատ են: