ՌԴ հայերի միության բողոքն առ Զարեհ Սինանյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 14, 2021

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՌԴ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ,ՈՐՈՒՄ ԱԱՎՈՒՄ Է . 


Հարգելի պարոն Սինանյան,


Ռուսաստանի հայերի միությունը բազմաթիվ դիմումներ է ստանում մեր հայրենակիցներից, ովքեր վրդովված են այս տարվա սեպտեմբերի 21-ին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ռեսուրսներում հրապարակված Շահեն Պետրոսյանի «վաստակի» վերաբերյալ տեղեկատվությունից, որի հիման վրա նրան, ակներևաբար Ձեր ներկայացմամբ, շնորհվել է ՀՀ պետական պարգև։


Փաստորեն, դուք կամ գիտակցաբար խեղաթյուրել և ոչ ստույգ տվյալներ եք տրամադրել երկրի ղեկավարությանը և լայն հանրությանը, կամ էլ, զբաղվելով հայկական սփյուռքի հարցերով, ցուցաբերել եք (ցավոք, ոչ առաջին անգամ) անթույլատրելի անիրազեկություն։ 


Ձեզ պետք է հայտնի լինի, որ համավարակի ժամանակ, չնայած հայտարարված արգելքներին և համապատասխան ռիսկերի հետ կապված սահմանափակումներին, Ռուսաստանի հայերի միությունը շարունակել է աշխատել և ավելի քան 20 000 ընտանիքների օգնություն է ցուցաբերել Ռուսաստանում, Հայաստանում և Արցախում: 

https://sarinfo.org/news/novosti-sar/okolo-dvadtsati-tysyach-semey-v-rossii-armenii-i-artsahe-poluchili-svoevremennuyu-pomosch-v-period-pandemii-covid-19.html 


Շահեն Պետրոսյանը, որն այն ժամանակ ձևականորեն գտնվում էր ՌՀՄ շարքերում, այդ գործընթացներին որևէ առնչություն չի ունեցել ։


Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա ստիպված ենք Ձեզ հիշեցնել, որ Ռուսաստանի հայերի միության հումանիտար օգնության միացյալ շտաբը սկսել է աշխատել սեպտեմբերի 27-ի երեկոյան՝ պատերազմի առաջին իսկ օրվանից և աշխատել է մինչև 2020 թվականի վերջը։ Մարդասիրական օգնությամբ բարձված առաջին բեռնատարները Ստեփանակերտում էին արդեն սեպտեմբերի 29-ին։ Այդ ողջ ընթացքում Հայաստան և Արցախ է ուղարկվել հսկայական նշանակություն և արժեք ունեցող մարդասիրական օգնություն։ Տուժած հայրենակիցների որոշ խմբերի օգնություն է ցուցաբերվում մինչ օրս։ 


https://sarinfo.org/news/novosti-sar/o-programmah-pomoschi-obedinennogo-shtaba-soyuza-armyan-rossii-artsahu.html 


Միավորված շտաբը ղեկավարում էին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և հայտնի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Բեռների փոխադրման համակարգողը Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Ներսես Ներսեսյանն էր։ 


Շ․Պետրոսյանին վերագրելով «շտաբի համակարգողի» դերն ու «իր անձնական միջոցներով» երեք ինքնաթիռների ուղարկումը՝ դուք մեծապես զարմացրեցիք նրանց, ովքեր իրապես ներդրել են իրենց անձնական միջոցները հիշյալ երեք և այլ ինքնաթիռների ուղարկման համար, ովքեր գնել և շտաբին են փոխանցել անհրաժեշտ ապրանքներ, տալով գուցե իրենց վերջին ունեցածը։ Մենք կարող ենք բարձրաձայնել նրանց անունները: Նրանցից շատերը, այդ թվում՝ մոսկովյան բժիշկները, ովքեր սրտի և խղճի կանչով մեկնել են Արցախ և կատարել իրենց բարոյական ու մարդկային պարտքը, այս տարի արժանացել են Ռուսաստանի հայերի միության բարձր պարգևների, մի կազմակերպության, որը խոշորագույնն է Սփյուռքում և միակ պաշտոնապես գրանցված համառուսաստանյան հայկական հասարակական կազմակերպությունն է։ 


Օգտվելով առիթից, թույլ տվեք հիշեցնել Ձեզ, հարգելի պարոն Սինանյան, որ Սփյուռքն առայսօր հավուր պատշաճի տեղեկացված չէ ՀՀ Կառավարության կողմից այն զգալի դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ, որ 44-օրյա պատերազմի օրերին Սփյուռքից փոխանցվել են «Հայաստան» հիմնադրամի, Արցախի պաշտպանության նախարարության և այլ պաշտոնական հաշիվներին (հարյուր միլիոնավոր ռուբլիներ՝ միայն ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների կողմից): 


Ձեր գերատեսչության կողմից նպատակաուղղված կերպով իրականացվող այս քաղաքականությունը, ցավոք, հանգեցնում է ոչ միայն Սփյուռքում հայկական պետական ինստիտուտների արժեզրկմանն և ընկալման խեղաթյուրմանը, այլև Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի կայուն ձևավորման ու վստահության կորստի։

ՌՀՄ Վարչություն

 05.10.21 թ.


Կիսվել