«Քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար». Երեւանում կատարվում է փողոցների 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում

Աննա Անտոնյան Հունիս 05, 2023

Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական  չլինի. «Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չի իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել:

Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաև գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով և, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին  մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ: Եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձևը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, և խստորեն հետևենք որակին» ,-ընդգծել է փոխքաղաքապետը:

Կիսվել