«Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջիկա ընտրություններին տանելու է ջախջախիչ հաղթանակ. Արշակյան

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 02, 2025

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա ընտրություններին տանելու է ջախջախիչ հաղթանակ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: 

«Մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններին, և դրա պատճառները շատ են․ չթվարկեմ, և ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում: Ջախջախելու ենք բոլոր այն ուժերին, որոնք Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա, ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, բոլոր այն ուժերին, որոնք թալանով են զբաղվում, զբաղվել, իրենց կուտակած թալանած կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացում, որպեսզի նորից գան իշխանության և նորից թալանով զբաղվեն:

Բոլոր այդ ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան և գողացել են և էլի են ուզենալու գողանալ, ջախջախիչ պարտություն է սպասվում, և մեր ժողովուրդն է դա ապահովելու, և նաև այն բոլոր օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հարցականի տակ դնել և տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով՝ ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Հիշեցնենք՝ Արշակյանը նաև տեղեկացրել է, որ չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում:

Հիշեցնենք՝ ՔՊ կուսակցությունից Լենա Նազարյանը ևս որոշել է չառաջադրվել: Չեն առաջադրվել նաև Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Քրիստինե Պողոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը:

Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին:

Կիսվել