Փորձում ենք վերականգնել Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը, նոր բուհ հիմնելը տարիներ կտևի. ԱրՊՀ ռեկտոր

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 16, 2023

Ներկայումս մեզ համար առաջնայինն Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը վերականգնելն է, հայաստանյան բուհերում  նրանց ուսուցումն ըստ մասնագիտությունների կազմակերպելը, իսկ թե ինչ կլինի Արցախի պետական համալսարանի հետագա ճակատագիրը, դեռևս հայտնի չէ: Այս մասին  հայտնեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։

«Ես ամենօրյա կապի մեջ եմ ԱՀ կրթության, գիտության  նախարարի և հայաստանյան բուհերի ղեկավարների հետ: Մեր ուսանողները ներկայումս կցագրվում են այլ բուհերի, առայժմ՝ առանց որևէ փաստաթղթի, նստում են դասերի՝ առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու, որպեսզի իրենց կրթության իրավունքը չխախտվի: Եթե այս ամիս չհասցնենք նրանց տեղավորել հայաստանյան բուհերում, ապա ուսանողները ստիպված կլինեն մեկ տարի կորցնել»,-պարզաբանեց ռեկտորը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Արցախի պետական համալսարանի հնարավոր վերագործարկման հարցով դեռևս չի հաջողվում հանդիպել Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

«Առայժմ սպասում եմ նախարարի հետ հանդիպմանը: Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու համար պետք է կառավարության որոշում լինի: Եթե որոշումը չեղավ, չենք կարող համապատասխան հավատարմագրում անցնել, լիցենզիա ստանալ, հետևաբար չենք կարող նաև շրջանավարտներին դիպլոմներ տրամադրել»,-ասաց Սարգսյանը՝ նկատելով, որ այդ գործընթացը հնարավոր է առնվազն երկու տարի տևի:

«Մենք չենք կարող  1600 ուսանողի մեկ-երկու  տարի սպասեցնել, մինչև փաստաթղթերը պատրաստենք, նոր բուհ հիմնենք, սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, իսկ եթե մասնավոր բուհի կարգավիճակով մեր գործունեությունը շարունակենք, հարց է, արդյո՞ք Արցախից տեղահանված ուսանողներն ի վիճակի կլինեն ուսման վարձ վճարել և այլն»,-ասաց Սարգսյանը:

Արցախի պետական համալսարանի ռեկտորը նաև հայտնեց, որ այսօր հանդիպել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ և վերջինս իրեն տեղեկացրել է, որ  հնարավոր է այլևս ֆինանսավորում չլինի և Արցախի կրթության ոլորտի աշխատողները հոկտեմբերից կրճատվեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար բռնազավթման  և Արցախի հայաթափումից հետո Արցախի պետական համալսարանը, որպես առանձին հաստատություն ՀՀ-ում պահպանելու նախաձեռնությամբ են հանդես եկել բազմաթիվ հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, դասախոսներ: Նախօրեին էլ Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն ու համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն են հայտարարություն տարածել՝ պահանջելով Հայաստանում բացել Արցախի մայր բուհն ու վերականգնել բուհի ուսանողների՝ ԱրՊՀ-ում կրթություն ստանալու իրավունքը:

Կիսվել