Փաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների

Աննա Անտոնյան Հուլիս 01, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։

Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ և լինել հաղորդակցության մեջ։

Վարչապետը կարևորել է նաև Պետական պահպանության ծառայության աշխատողների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը։

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։ 

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հանգամանքը, որը պետք է շարունակաբար զարգացնել։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների:

Կիսվել