Պարեկը սեփական գյուղում գողություն անելիս բռնվել է. նրան ցած են նետել 2–րդ հարկից. մանրամասներ դեպքից

Աննա Անտոնյան Մարտ 02, 2023

Այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան՝ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու ծեծի ենթարկվել։ Տեղեկությունը  հետ զրույցում հայտնեց գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ ենթադրյալ հանցագործը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

«Ռաֆիկ Հայրապետյանը Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է։ Մոտ մեկ տարի է՝ պարեկային ծառայությունում է աշխատում։ Նա փորձել է գողություն կատարել, բայց բնակիչները նկատել են ու ծեծել, անգամ տան երկրորդ հարկից ցած են նետել նրան։ Իմ տեղեկություններով, նա մեղադրվում է բնակարանային գողության ութ դեպքերով։ Այս պահին էլ նա հիվանդանոցում է, վիրահատվել է»,– ասաց Կարապետ Պողոսյանը։

Կարբի համայնքի ղեկավար Ռոնալդ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղի բնակիչ Ռաֆիկ Հայրապետյանը փորձել է գողություն կատարել տներից մեկում, որի տերերը տանը չեն եղել, հարսանեկան միջոցառման են մասնակցել, գյուղի բնակիչները նկատել են նրան ու մարմնական վնասներ հասցրել։

«Աշտարակի հիվանդանոցից մարտի 2–ին, ժամը 00։28–ին, հայտնել են, որ մարմնական վնասվածքներով ոստիկանների ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 1987 թվականին ծնված տղամարդ։ Պարզվել է, որ ժամը 22։30–ի սահմանում, այդ տղամարդը ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն, իսկ հարեւանությամբ բնակվող մարդիկ նկատել են նրան հանցանքի վայրում ու բռնության ենթարկել նրան։ Դեպքի առթիվ ստացված նյութերն ուղարկվել են Քննչական մարմին»,– NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնակարանային գողության փորձ կատարելու հատկանիշներով։

«Աշտարակի տարածաշրջանում բնակարանային գողության փորձ կատարելու վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Անձը բռնվել է գողություն կատարելու պահին, այդ ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղախփոխվել հիվանդանոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնակարանային գողության փորձ կատարելու հատկանիշներով։

Տվյալ տարածաշրջանում նույն օրը այլ բնակարանային գողությունների դեպքերի  վերաբերյալ հաղորդումներ են ստացվել, դրանց կապակցությամբ եւս նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կատարվում են անհրաժեշտ գործողությունները այս բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Առկա են տվյալներ, որ վերջին հիշատակած արարքները եւս կատարել է նույն անձը։ Այդ հանգամանքը քննության առարկա է։ Այդ անձն այս պահին գտնվում է Աշտարակի բժշկական կենտրոնում, նախնական տվյալով՝ ընկնելու հետեւանքով կոտրվածքներ է ստացել։ Նա հիվանդանոցում հսկողության ներքո է, ձերբակալվածի  կարգավիճակ ունի»,– ասաց Գոռ Աբրահամյանը։

Կիսվել