Աշխարհի 98 երկրում հայտնաբերվել և արագորեն տարածվում է կորոնավիրուսի հնդկական ծագման «Դելտա» շտամը

Աննա Անտոնյան Հուլիս 03, 2021

Կորոնավիրուսի հնդկական ծագման «Դելտա» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 98 երկրում և արագորեն տարածվում է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

Ղեբրեյեսուսն ընդգծել է, որ «Դելտա» տարբերակը վտանգավոր է և շարունակում է մուտացիայի ենթարկվել: Այդ իսկ պատճառով այն պահանջում է «շարունակական գնահատում և հանրային առողջապահական միջոցառումների մանրակրկիտ ճշգրտում»:

Բացի այդ, ինչպես կանխատեսել է կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերկհովեն, COVID-19-ի հայտնի շտամները «կշարունակեն զարգանալ, կլինեն ավելի շատ մուտացիաներ, և դրանցից մի քանիսը մտահոգություններ կառաջացնեն»:

Այս կապակցությամբ ԱՀԿ ղեկավարը կառավարություններին կոչ է արել բարձրացնել պատվաստումների մակարդակը և ուժեղացնել հանրային առողջապահական միջոցառումները:

Կիսվել