Նախկինների ուրվականների գրկում ո՜չ ներկադ ես կառավարում, ո՜չ էլ լավ ապագայի համար պայմաններ ստեղծում:
Կինը, որ քաջություն է գտել վերջ տալու իրեն դժբախտացնող հարաբերություններին, ունի երկու ճանապարհ.
1)հաշվի առնելով անցյալի սխալները, ամեն ինչ անել դրանք չկրկնելու համար, հստակ գնահատել ներկայում իր ունեցած ներուժը, եթե պետք է ավելացնել այն, ընդլայնելով շրջապատը, նոր գիտելիքներ ձեռք բերելով, չվախենալ տքնաջան աշխատանքից ու խոչընդոտներից, նայել առաջ՝ այն կետին, որին ուզում է հասնել: Այս ճանապարհը բարդ է, ջանքեր պահանջող, բայց միակն է, որ կարող է լույս վառել խոչընդոտներով, երբեմն հուսահատությամբ լի թունելի վերջում:
2)Անվերջ բողոքել նախկինից, ներփակվել, մատը մատին չտալ, ամեն ինչի համար մեղադրելով անցյալը, անկանոն հարաբերությունների մեջ մտնել՝ հիմնված, թե ով այդ պահին կօգնի: Այս ճանապարհը հեշտ է, ջանքեր չի պահանջում, կողքից էլ լլկված մուղամին լիքը դամ քաշող կգտնվեն, որ կդատապարտեն անցյալդ, քեզ կգովան, կխղճան, գուցե օգնեն էլ օրվա հացով: Բայց սա նույնիսկ ճանապարհ չէ, այլ՝ ճահիճ, որտեղ ավելի ու ավելի ես խրվում, խորտակվում՝ երբեմն֊երբեմն ուրախանալով ափից քեզ նետված հացի փշրանքներին:
Այս գրառումը միայն առաջին հայացքից է կնոջ մասին: Իրականում, հետևելով մեր քաղաքական դաշտում դոմինանտ խոսույթին, փաստարկներին, գալիս եմ եզրակացության, որ քաղաքական ուժերի մեծ մասը երկրորդ կնոջ ճամփան են բռնել ու կենտրոնացել անցյալի վրա՝ կարծես չունենալով հստակ պատկերացում ապագայի վերաբերյալ:
«Սաղ Լևոնն ա մեղավոր» ասողներն ու «Սաղ Սերժն ա մեղավոր» մանտրան անվերջ կրկնողները սիամական երկվորյակ եղբայրներ են, բայց դա չեն գիտակցում ու, զգալով որ չեն կարողանում ինքնուրույն քայլ անել, քարշ են տալիս իրենց հետ մյուսին ու նրա հետ կռիվ անում:
Այ այդպես, անցյալի հետ կռվելով, սեփական տկարությունն ու անհեռատեսությունը նախկինների վրա բարդելով, հետ֊հետ նայելով շարունակեք գնալ առաջ այնքան, մինչև որ կընկնեք առջևում բաց կափարիչով դիտահորը:
Չնայած ... ինչ եմ ասում ...
Ցավոք, դուք չեք ընկնում: Պետությունն եք գցում:
Իզաբելլա Աբգարյան