Մոսկովյան "Алые Паруса" կոչվող բնակելի համալիրում առավոտյան պայթյուն է որոտացել: Մահացել է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Արմեն Սարկիսյանը: Կան տուժածներ, այդ թվում՝ Սարկիսյանի թիկնապահները, որոնցից մեկը ևս մահացել է:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հեռակառավարվող պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ Սարկիսյանը թիկնապահների հետ մտել է շենք, որտեղ նա բնակարան է վարձում։
Հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրն ասել է, որ նախնական վարկածով՝ պայթյունը պատվիրված է և մահափորձի թիրախը հենց Սարկիսյանն է եղել, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում:
«Ակնհայտ է, որ պայթյունը նախապես պատրաստվել է, իրավապահ մարմինները ներկայումս ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները», - ասել է իրավապահ մարմինների անանուն աղբյուրը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105 հոդվածով՝ սպանություն և սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ և զենքի ապօրինի շրջանառություն: Սակայն, եթե պարզվի, որ հանցագործությունն ուկրաինական հետք ունի, ապա գործը կվերաորակվի 205 հոդվածով՝ որպես ահաբեկչական գործողություն:
Քննչական կոմիտեից ասել են. - «Դեպքի վայրում աշխատում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ամենափորձառու քննիչների և դատաբժշկական փորձագետների խումբը: Ներկայում ուսումնասիրվում են տեսախցիկները, հարցաքննվում են վկաները: Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ՝ հանցագործության կատարմանը մասնակցած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»։
Արմեն Սարկիսյանը պատանեկության տարիներին Հայաստանից տեղափոխվել է Ուկրաինա՝ Դոնեցկից հյուսիս Գորլովկա քաղաք: Ավելի ուշ հիմնադրել է «ԱրԲատ» գումարտակ, որը 2022 թվականին մասնակցել է ռուս-ուկրաինական պատերազմական գործողություններին:
Նա Ուկրաինայում հետախուզման մեջ է և կասկածվում է նաև այլ ստորաբաժանումներ ստեղծելու մեջ, որոնք 2014 թվականին հարձակվել են Մայդանի ցույցերի մասնակիցների վրա։ Ուկրաինայի գաղտնի ծառայությունը դեռ այն ժամանակ նրան անվանել էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր շրջապատի անդամ։
2023 թվականի ամռանը «Արբատ» գումարտակը պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ և գումարտակի հրամանատար է նշանակվել Հայկ Գասպարյանը, որը նախկինում ծառայել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունում։
2018 թվականի ապրիլին Արմեն Սարկիսյանը ձերբակալվել էր Ֆրանսիայում։ Հաղորդվում էր, որ փաստաթղթեր են նախապատրաստվում նրան Ուկրաինային արտահանձնելու համար։ Երկու օր անց, սակայն, հայտնի դարձավ, որ Սարկիսյանն ազատ է արձակվել:
2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ «Արբատ»-ը հավաքագրել է ՀՀ քաղաքացիների՝ հանրապետությունում իշխանությունը զավթելու նպատակով։ Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Արբատ»-ը, սակայն, մեղադրանքներն անվանել էր Ռուսաստանի դեմ ուղղված քարոզչություն։ Գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը ռուսական լրատվականներին ասել է՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդին շեղել հանրապետության քաղաքական կյանքում իրենց որոշ ձախողումներից, որտեղ «ընտրել են երկիրը դեպի փլուզում և կործանում տանող ուղեգիծ, փորձում են քավության նոխազներ գտնել, ինչպես որ արեցին, երբ Ռուսաստանին մեղադրում էին Ղարաբաղը հանձնելու մեջ, նրանց պարզապես պետք է ինչ-որ մեկը, ում վրա կարող են մատ թափ տալ»:
Անցած տարվա դեկտեմբերին ուկրաինական հատուկ ծառայությունները Մոսկվայում հեռակառավարվող պայթյունից սարքի գործադրմամբ սպանել էին Ռուսաստանի Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին։