Երեխան, որպես չափահասության վկայական չունեցող անձ, արդեն ունի պաշտպանության կարիք

Աննա Անտոնյան Նոյեմբեր 30, 2021

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով մասնակցել եմ «Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով բազմակողմ քննարկմանը։

Երեխան, որպես չափահասության վկայական չունեցող անձ, արդեն ունի պաշտպանության կարիք։ Ավելորդ է նշել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ու կենսականորեն անհրաժեշտ պայմանների ապահովման մասին, որոնք պետության պոզիտիվ պարտավորություններից են։ 

Երեխաները մշտապես կրում են տնտեսական անկայունության ու  փոփոխվող սոցիալական միջավայրի բացասական ազդեցությունը, ինչը,  անշուշտ, շատ մտահոգիչ է։ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են տարբեր կազմակերպություններ, դրանցից յուրաքանչյուրը մասնագիտացած իր ոլորտում, ինչը, ցավոք, հաճախ հատվածական բնույթ է կրում։ 

Ըստ այդմ, ՀՀ-ում գործում է 5 ընդհանուր ու մասնագիտական տիպի մանկատուն, որտեղ շուրջօրյա խնամք են ստանում 585 երեխա։ Ցավոք, նրանց ճնշող մեծամասնությունը ( շուրջ 95 տոկոսը )  ունի տարբեր աստիճանի հաշմանդամություն։ Այս պատճառով որդեգրման դեպքեր գրեթե չեն արձանագրվում, բացառությամբ այս տարվա, ինչը թվական տեսանկյունից շարունակում  է մնալ մտահոգիչ։ 

ՀՀ-ում այսօր առանց ծնողական խնամքի կամ կյանքի դժվարին պայմաններում հայտնված ունենք 411 աղջիկ և 479 տղա՝ տարբեր տարիքի, որոնք որպես առաջնային օղակ բերվում են նախ ճգնաժամային կենտրոն, հետո արդեն մանկատուն, եթե ծնողներից կամ հարազատներից որևէ մեկը չի արձագանքում։  Ի դեպ, ճգնաժամային կենտրոնները գործում են այս տարվա հունիսից։ 

տարբեր տարիքի թվով 289 որդեգրման ենթակա երեխա ունենք  շուրջօրյա խնամքի կենտրոններում , որոնցից 134 -ը աղջիկ, 155՝ տղա։ Մյուս բալիկները որդեգրման ենթակա չեն, քանի որ տարբեր հանգամանքներով պայմանավորված ծնողը/ծնողները չեն հրաժարվում երեխաներից, բայց նաև չեն էլ վերցում մանկատնից։ 

Կառավարությունը հսկայական քայլեր է իրականացնում այս թիրախ խմբում հայտնված քաղաքացիների համար, մասնավորապես՝ խրախուսում է խնամատար ընտանիքներին, 18 տարին լրացածներին ապահովում է բնակարանի գնման վկայականներով, հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ունեն տեղաշարժման խնդիր և չեն կարող զարգացնել կենցաղավարման նվազագույն հմտություններ, նախատեսվում է այսօրվա խնամքի կենտրոնների փոխարեն ստեղծել ինքնուրույն կյանքին նպաստող խելացի հարմարեցումներով սենյակներ, որտեղ դայակի կամ մասնագետի կողմից նրանք կստանան համապատասխան օգնություն ու աջակցություն (խոսքը հաշմանդամություն ունեցող և 18 տարին լրացած քաղաքացիների մասին է)։ Հիմա էլ է գործում իմ կողմից մատնանշվածը, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է սեռային և տարիքային սահմանափակումներ կատարել, ինչն այսօր շենքային պայմաններից ելնելով երբեմն հնարավոր չէ, ինչը դեմ է ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային փաստաթղթերի։ Մանկատան սանը կարող է արտոնյալ պայմաններով ընդունվել ՀՀ ցանկացած բուհ ու ստանալ ցանկացած մասնագիտություն, նրան անհրաժեշտ է տարածք կամ բնակության վայր։ Պետությունը հոգում է այս հարցը, բայց այդ տանը նաև կենցաղվարման տարրական պայմաններ են պետք ապրելու համար։ Այս դեպքում մասնավորի հետ համագործակցությունը առաջնային է դառնում նաև հենց շահառուի համար, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ վկայական ունեցողը պարզապես վաճառել է իր բնակարանն ու էլի հայտնվել դժվարին կացության մեջ։  

Առանձին քննարկման թեմա են մանկալքության դեպքերը, որոնք ունեն տարբեր պատճառներ՝ հոգեբանականից մինչ սոցիալական, ավանդույթից մինչև կարծրատիպային։ Միայն այս տարի պաշտոնապես գրանցվել է մանկալքության 8 դեպք։ Դրանց առանձին-առանձին անդրադառնալու կարիք չկա․ վստահ եմ, գրառումս կարդացողները այդքան ամուր նյարդեր չունեն։ Չենք դատում, պարզապես նման քայլ ծրագրողին խնդրում ենք չվտանգել նորածնի կյանքը ու գոնե հասցնել նրան որևէ հաստատություն։ Մուրացիկ երեխաներ, ըստ մեր վիճակագրության և ունեցած ռեսուրսների, պետք է , որ առհասարակ չլինեն մեզանում, բայց ցավոք, իրականությունը երբեմն ավելի դառն է լինում, քան օրինակ պատերզամի հետևանքով իրենց տունը լքած Արցախի մեր հայրենակիցների խնդիրները։ 

Շատ ավելի լուրջ, ռիսկեր պարունակող, ամենալավից ամենավատը մտածելու առիթ տվող հարցերից մեկն էլ օտարերկրյացիների կողմից որդեգրումներն են։ Այս դեպքում մոնիթորիգի ու հետադարձ կապի կայուն ու կենսունակ մեխանիզմները ավելի քան կարևոր են ։ Քիչ չեն նաև մեր դեսպանների, դեսպանատան աշխատակիցների ու հյուպատոսրանների դերն ու նշանակությունն այս հարցում։ 

Որպեսզի գործը չհասնի սեփական երեխային մանկատուն հանձնելուն՝  աշխատանքի ու սոցիալական նախարարությունը ամեն տարի մշակում են բազմաթիվ զբաղվածության ծրագրեր, որոնք միտված են աղքատության փուլային հաղթահարմանն ու նպաստառուի կարգավիճակից ընտանիքին դուրս բերելու գործընթացին։ 

Այս թեմայով կարելի է շատ խոսել, բայց որպես ամփոփում կարևոր եմ համարում նշել, որ պետության, մասնավոր հատվածի, խնամքի կենտրոնների աշխատակիցների ջերմ վերաբերմունքը երբեք չի փոխարինում ծնողին։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Շարունակում ենք մշակել նախագծեր, որոնք ուղղված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի փոփոխությանը։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի էջից 

Կիսվել