Մեր սահմանների մոտ անարխիա չենք հանդուրժի. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 15, 2022

Իրանի համար անընդունելի է իր սահմանների մոտ այնպիսի երկրների «բուռն և կոշտ» ներկայությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Իսրայելը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik.Թեհրանը չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ այն անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքը մեջբերել է «Miran Press» գործակալությունը։
«Տարածաշրջանում փոքր միջադեպը կհանգեցնի այլ երկրների ներկայության և միջամտության, և մենք հաստատ չենք հանդուրժի նման անարխիա մեր սահմաններին»,- ընդգծել է Վելայեթին։
Պաշտոնյան հավելել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա նշել է, որ երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, շատ է փորձել միջնորդի դեր ստանձնել և նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել։
«Սակայն երբեմն որոշ երկրներ, որոնք շահում էին երկու հարևանների միջև հակամարտությունից, միջամտում էին և խնդիրներ ստեղծում»,–նշել է նա։
Ալի Աքբար Վելայաթին նաև հայտարարել է, որ հարևան երկրների միջև սահմանների ցանկացած խախտում սրում է տարածաշրջանի իրադրությունը և կարող է հանգեցնել լոկալ պատերազմների, որի առաջին «արդյունքը» լինում է այն, որ ԱՄՆ–ի ու Իսրայելի պես երկրները հրադադար հաստատելու պատրվակով բուռն և կոշտ միջամտության են դիմում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Կիսվել