Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը: Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Անկախությունը տոնական ճառ չէ, այն պայքար է՝ հանուն մեր պետականության գոյության։
Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։
35 տարի առաջ մենք ընտրեցինք ոչ միայն անկախ պետություն ունենալու իրավունքը, այլև մեր սեփական ճակատագրին տեր լինելու պատասխանատվությունը։
Անկախությունն այն է, որ մենք ինքներս տեր կանգնենք մեր հողին, մեր արժանապատվությանն ու մեր պետական շահին, ոչ թե ուրիշի քմահաճույքով որոշվի մեր ապագան։
Հայաստանը որևէ անհատի կամ օրվա իշխանության անձնական սեփականությունը չէ։
Պետությունը չի սկսվել այս իշխանությամբ և չի ավարտվելու նրանցով։ Հայաստանը բոլորիս երկիրն է՝ մեր նախնիների արյամբ ու քրտինքով ստեղծածը, մեր ապրածը և մեր երեխաներին փոխանցվելիք սրբությունը։
Այսօր, ցավոք, ականատեսն ենք, թե ինչպես է օրվա իշխանությունը քայլ առ քայլ քանդում մեր անվտանգային համակարգը՝ բանակի ուժեղացման փոխարեն ընտրելով միակողմանի զիջումների և սպառնալիքների առջև ընկրկելու կործանարար ուղին, վարում ձախողված ու անողնաշար արտաքին քաղաքականություն, որի հետևանքով Հայաստանը դաշնակիցների համար դարձել է անվստահելի, իսկ թշնամիների համար՝ հեշտ խոցելի թիրախ, խաղաղության պատրանքով նսեմացնում քաղաքացու արժանապատվությունը՝ պետական շահն ու սուվերենությունը ստորադասելով օրվա քաղաքական աթոռը
պահելու ձգտմանը։
35 տարի անց մենք պարտավոր ենք ինքներս մեզ հստակ հարց տալ․ արդյո՞ք սա է այն Հայաստանը, որի համար քվեարկել ենք, որի համար պայքարել ու զոհվել են մեր եղբայրները։ Ո՛չ։
Անկախությունը պատրաստի նվեր չէ, որը կարելի է փոշիացնել անպատասխանատու որոշումներով։ Դա ամեն սերնդի սրբազան հանձնառությունն է՝ պետությունը չթուլացնել, սահմանները չզիջել, արժանապատվությունը չկորցնել և հաջորդին ավելի ուժեղ Հայաստան փոխանցել։
Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն։ Մենք վերականգնելու ենք մեր բանակի փառքը, մեր դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը»,- նշել է նա: