«Մատենադարան»-ի տնօրենի ընտրության բաց մրցույթ է հայտարարվել

Աննա Անտոնյան Հունիս 26, 2023

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային փորձառություն:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

ա) դիմում հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,

բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (լուսանկարի, գրանցման վայրի նշագրումով էջերի),

գ) գունավոր լուսանկար 35x45 մմ չափի,

դ) թեկնածուի համառոտ ինքնակենսագրականը,

ե) զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճենը, եթե թեկնածուն զինապարտ է,

զ) պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճանի վկայականի պատճենը,

է) կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման փորձառությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),

ը) Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2023 թ․ հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 53)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2023 թ․ հուլիսի 7-ը ներառյալ՝ ժամը 18։00-ն։ Փաստաթղթերը՝ մեկ փաթեթով, պետք է առձեռն ներկայացնել հոգաբարձուների խորհրդի քարտուղար Վահե Թորոսյանին (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 53, 3-րդ հարկ, 307 սենյակ, հեռ․ 010 513012, 099 46 37 86)։

Մատենադարանն աշխատում է երեքշաբթի-շաբաթ օրերը, ժ․ 09։00-18։00-ն։

Կիսվել