Մաստեր կլաս՝ աշխարհահռչակ Zaha Hadid–ի ներկայացուցիչներից. եզակի հնարավորություն՝ հայ մասնագետների համար

Աննա Անտոնյան Նոյեմբեր 22, 2022

Նոր շունչ՝ Երևանի քաղաքաշինական պատկերին։ Այս տեսլականն իրականություն դարձնելու նպատակով «Ռենշին» ներդրումային և քաղաքաշինական ընկերությունը նախաձեռնել է կոնֆերանսների մի ամբողջ շարք, որի շրջանակում բրիտանական հայտնի Zaha Hadid Аrchitects ճարտարապետության եւ դիզայներական ընկերության ներկայացուցիչները ժամանել են Երեւան եւ մաստեր կլաս անցկացրել Հայաստանի քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համար։

«Ռենշինի» եւ Համաշխարհային առևտրի կենտրոնների ասոցիացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ WTC-Yerevan-ի կազմակերպած մաստեր կլասի ընթացքում Zaha Hadid Аrchitects–ի տնօրեն Ֆիլիպո Իննոչենտին եւ ճարտարապետ Ջան Լուկա Բարոնեն հայ մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել են աշխարհահռչակ ընկերության աշխատելաոճը, մոտեցումները եւ գործիքակազմը։

«Ռենշինում» վստահ են՝ այս մակարդակի հանդիպումները կարեւոր փորձառություն են Հայաստանի քաղաքաշինական ոլորտում ներգրավված եւ ապագա մասնագետների համար եւ կօգնեն նրանց հետագայում իրենց նորարարական նախագծերով փոխել մայրաքաղաքի ընդհանուր քաղաքաշինական պատկերը, ավելի հարմարավետ դարձնել այն բնակիչների, հյուրերի, նաեւ շրջակա միջավայրի համար, ինչը երկարաժամկետ հեռանկարում ավելի գրավիչ կդարձնի Հայաստանը զբոսաշրջության եւ ներդրումների համար՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։ «Ռենշինի» 20–ամյա գործունեության առանցքում հենց այս գաղափարն է։

Ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովն ընդգծում է՝ իրենց բոլոր նախագծերում առաջնորդվում են ոչ թե պարզապես անշարժ գույք, այլ միջավայր ու ապրելակերպ ստեղծելու փիլիսոփայությամբ. «Դա «քառակուսի մետրեր» ստեղծելուց ավելի բարդ է, քանի որ պետք է հասկանալ այս կամ այն խմբի մոտեցումներն ու ապրելակերպի պահանջները, և առաջարկել ավելի լավ տարբերակ։ Այդ նպատակով մեր թիմը շատ է ճանապարհորդում և փորձում համաշխարհային փորձն ու գիտելիքը բերել Հայաստան»։

Zaha Hadid Architects բրիտանական բրենդն արդեն 40 տարի ամբողջ աշխարհում ասոցացվում է գեոմետրիկ ազատության, ոչ կոմֆորմիստական, փորձարարական ու շքեղ ճարտարապետության հետ։ Ընկերության հիմնադիրը ծնունդով իրաքցի Զահա Մոհամադ Հադիդն է, Պրիցկերի ճարտարապետական մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։ Նա ընդլայնել է ճարտարապետության դասական սահմաններն ու դինամիկ ճարտարապետության հիմք դրել՝  դառնալով աշխարհի երեք լավագույն ճարտարապետներից մեկը։

Աշխարհի տասնյակ մեգապոլիսների այցեքարտ դարձած կառույցներ հեղինակած Zaha Hadid Architects–ի տնօրեն Ֆիլիպո Իննոչենտիին հիացրել է Երևանում խորհրդային շրջանի ճարտարապետական նմուշները, հատկապես Արթուր Թարխանյանի համահեղինակած նախագծերը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, «Ռոսիա» կինոթատրոնը։

«Ամեն երկրում աշխատելիս մենք հաշվի ենք առնում տեղի յուրահատկությունները։ Մենք հաճախ բախվում ենք խնդրի՝ ստեղծել այնպիսի դիզայն, որը կհամապատասխանի տեղի ավանդույթներին, բայց երբ եկա այստեղ և ծանոթացա ձեր ունեցած խորհրդային շրջանի ճարտարապետությանը, այս խնդիրը զգալիորեն հեշտացավ, քանի որ դուք ունեք մի շարք յուրահատուկ ճարտարապետական գլուխգործոցներ, որոնք չափազանց ժամանակակից են, և բավական համահունչ մեր մոտեցումներին», – ասում է նա։

Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը նույնպես մասնակցում էր հանդիպմանը, ասում է՝ «Ռենշինի» կազմակերպած հանդիպումը բացառիկ հնարավորություն էր հայ մասնագետների համար. «Մենք հնարավորություն ստացանք հասկանալու Զահա Հադիդի յուրաքանչյուր լուծման բացատրությունը։  Մեզ ցույց տվեցին այն բանալիները, որոնք սովորաբար ցույց չեն տալիս բոլորին։ Անգնահատելի է այն հնարավորությունը, որ «Ռենշինը» տվեց մեզ այսօր։ Նախ, կողքից նայել, թե ինչ ունենք մենք, ինչի ենք ձգտում, վերագնահատել մեր ունեցածը, մյուս կողմից՝ վերագնահատել մեր անելիքը»։

«Տերյան» համալիրի («Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց») գլխավոր ճարտարապետ և գլխավոր ինժեներ Նարեկ Ռշտունին էլ ընդգծում է վարպետաց դասի կարեւորությունը գործող ճարտարապետների համար։ Բրիտանական ընկերության ներկայացուցիչները խոսել են ոչ միայն ճարտարապետական լուծումների մասին, այլեւ պատմել պատվիրատուների և ճարտարապետների միջև հարաբերությունների կազմակերպման իրենց փորձի մասին։

«Ստորակետ» ճարտարապետական արհեստանոցի համահիմնադիր Նարբե Պետրոսյանը պատմում է՝ վերջերս է եղել Դուբայում, որտեղ մասնակցել է Zaha Hadid Architects–ի նոր շենքերի բացմանը, և շատ տպավորված է, քանի որ ճարտարապետները կարողացել են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «անհնարինը իրականություն դարձնել». «Զահա Հադիդը կարողացել է ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ ձևաչափեր, որ անգամ իր բացակայությամբ իր գաղափարախոսությունը շարունակում է կիրառվել ընկերության նախագծերում»։

«Սնխ» ճարտարապետական ստուդիայի հիմնադիր Աշոտ Սնխչյանին էլ տպավորել է Zaha Hadid Architects–ի մասնագետների ներկայացրած BIM (Building information modeling) նախագծման մեթոդիկան, երբ ամբողջ նախագծային դոկումենտացիան տեղադրվում է մեկ ֆայլի մեջ. «Այս մեթոդն այսօր աշխարհում մեծ տարածում է ստանում, և դրա ներդրումը Հայաստանում կբարձրացներ ճարտարապետական նախագծման արդյունավետությունն ու արագությունը»։

Zaha Hadid Аrchitects-ն այն ընկերություններից մեկն է, որը դիտարկվում է որպես Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնի շենքը նախագծողի հավակնորդ, եւս մի քանի հայտնի ճարտարապետական ընկերություների հետ բանակցություններն ընթացքում են: Ակնկալվում է, որ կենտրոնի շենքը Հայաստանի համար կդառնա այցեքարտ, այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը Փարիզի համար։ WTC-Yerevan ընկերության տնօրեն Արտաշես Տոնոյանն ասում է՝ Համաշխարհային առեւտրային կենտրոնը կխթանի արտաքին առևտուրը Հայաստանում և կբարձրացնի երկրի ներդրումային գրավչությունը։

Կիսվել