«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը, որը սկսել էր մարտի 1-ին Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին աջակցելու նպատակով։ Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա նշել է, որ որոշումն ընդունել է Վարդանյանի հարազատների հորդորով։
«Այս երկու օրը նրանք մեզ հետ խոսեցին այլ բովանդակությամբ։ Նրա կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի մեր քայլով նա այնտեղ վատ չզգա», - ասել է Թանդիլյանը՝ հավելելով, որ իրենց պայքարը շարունակվելու է այլ միջոցներով։
12 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Թանդիլյանի առողջական վիճակը մի քանի անգամ վատացել էր, ինչի հետևանքով նա տեղափոխվել էր հիվանդանոց։
Քաղաքական գործիչը նշել է, որ հացադուլի դադարեցումը գործողությունների նոր ակտիվ փուլի սկիզբ է, և Ռուբեն Վարդանյանի ազատության համար պայքարը շարունակվելու է այլ ձևաչափով։