Մայիսի 28․․․ Առաջին հանրապետության օր․․․
Հայաստանի պետականության վերականգնման, բոլորիս համար վերածնման եւ վերհառնումի խորհրդանշական ամսաթիվ։ Այս օրը մարմնավորում է մեր կենսունակությունն ու հաղթանակի աննկուն կամքը։
Ճակատագրի հարվածների ու մեծ կորուստների գնով հայ ժողովրդին հաջողվեց նվաճել սեփական պետություն ունենալու իրավունքը։
Առաջին հանրապետության, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի և դրան հաջորդած անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման պատմությունն օրինակ է, թե ինչպես մի ողջ ժողովուրդ, հաղթահարելով ամենադժվար փորձությունները, կարող է հառնել մոխրից և ներկայանալ աշխարհին որպես մտավոր մեծ ներուժ ունեցող ազգ:
Այսօր, ավելի քան հարյուր տարի անց, տասնամյակների վրիպումների և ձախողումների պատճառով մեր անկախությունը դարձյալ վտանգված է ոչ միայն արտաքին բռնաճնշման, այլ նաև ներկա իշխանությունների կողմից հրահրվող կործանարար գործընթացների հետևանքում:
Բայց ես համոզված եմ, որ հավատն առ Աստված և հավատը մեր սեփական ուժի նկատմամբ, Արցախի՝ մեր հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր քաջ զավակների հիշատակը և մեր հաղթական պատմությունը վստահություն կներշնչեն, թույլ կտան մեզ միավորվել և վերջնականապես ազատվել վերջին երեք տարիների կործանարար ժառանգությունից: Մենք կկարողանանք վերականգնել մեր արժեքները, ամրապնդել մեր պետությունը, հնարավորություն ընձեռել հային ապրել և ստեղծագործել սեփական տանն ու հպարտանալ սեփական հայրենիքի նվաճումներով:
Մեր ներկան և ապագան կախված են մեզնից և միայն մեզնից՝ մեր գործողություններից, գաղափարներից և յուրաքանչյուրիս ձայնից:
Արա Աբրամյան