Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Հարութ Հովհաննիսյանի քույրը

Աննա Անտոնյան Հուլիս 05, 2023

Հունիսի 29-ին «Շենգավիթ» ԲԿ֊ում մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերով լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը` Նարեն։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Հղիության ողջ ընթացքը և ծննդալուծումը անցել է առանց բարդությունների։

Բնական ճանապարհով հղիացած փոքրիկի մայրը Նատալյա Դավթյանը ջերմ վերաբերմունքի ու աջակցության համար իր շնորհակալությունն է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ին և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանին՝ առաջինը մեզ հետ կիսվելով ուրախալի նորության մանրամասներով։

Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։

Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր Նեմրա խմբի «Նարե»-ն, համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար «Նարե» գտնել մինչև զորացրվի։

«Ու էդպես, չգտավ ինքը իր Նարեին... քույրիկ Նարե եկավ։ Հիմա ինքը իր ապերի Նարեն ա...»,-պատմում է Հարութի մայրը Նատալյա Դավթյանը։

Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են, բայց երբ որոշ ժամանակ անց համոզվել է, որ կրկին մայրանալու է, առաջինն այդ մասին հենց որդուն է պատմել. «Գիշերը շատ ուշ էր, տանը բոլորը քնած էին, մի փոքր մածուն կերա ու սրտխառնոց զգացի, առաջինը Հարութիս հետ եմ խոսել, ասացի տղաս, ուրեմն մի բան կա... նկարի հետ եմ խոսել, ինքն է իմացել առաջինը, մի քանի օր հետո արդեն թեստ արեցի համոզվեցի։ Ես միշտ ասել եմ, եթե դու ուզում ես, թող լինի, տղաս։ Եթե չէ, ուրեմն թող չլինի։ Ուրեմն, ուզում էր...»։

Մայրը Հարութի ու Նարեի միջև նմանություններ է փնտրում, բայց դեռևս չի գտնում. «Հարութը ծնվեց թափանցիկ բառիս բուն իմաստով, շրթունքները կարմիր... հիպերակտիվ էր, կյանքով լեցուն։ Երբ փոքր էր, հայրն ասում էր ուշ ա, գնացեք քնեք առավոտյան դասի եք, ինքն ասում էր ախր, մարդ էլ կյանքից, ժամանակից կտրամադրի՞ քնելու համար... չգիտեր, որ հավերժ քնելու է... Հարութը յուրահատուկ էր, մենակ բախտ չուներ Հարութս... 7 տարի պարի ա գնացել, 5 տարի` շվիի... նպատակասլաց էր շատ... բացի ճակատագրից, ինչ էլ վերցնի քույրիկը Հարութից, չի տուժի»։

Շնորհավորում ենք ծնողներին, իսկ փոքրիկ Նարեին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն։

Նարեն ու մայրը արդեն տանն են», - ասված է գրառման մեջ։

Կիսվել