Լինելով ծագումով հայ՝ հայերեն չեն խոսում, չեն կարդում, հայկական ավանդույթով չեն ապրում. վարչապետ

Աննա Անտոնյան Հունվար 25, 2025

Հայ կմնա նա, ով Հայաստանի Հանրապետությունը կհամարի իր հայրենիքը: Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով սփյուռքի վերաբերյալ հարցին:

«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է: Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ–ում, և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան Հայաստանից դուրս: Իմ ընկալմամբ՝ նրանք, ովքեր էթնիկ հայ են, սակայն չունեն Հայաստանի քաղաքացիություն, սփյուռք են», – ասել է Փաշինյանը:

21–րդ դարում մարդը կարող է 2 ամիս ապրել, օրինակ, Շվեյցարիայում, 3 ամիս՝ ԱՄՆ–ում, 3 ամիս՝ Հայաստանում, և այսպես շարունակ: 

Վարչապետն ընդգծել է՝ շատ է խոսվում Հայաստանից արտագաղթի մասին, սակայն չի խոսվում սփյուռքից «արտագաղթի» մասին: 

«Սփյուռքից ավելի մեծ «արտագաղթ» կա ու միշտ եղել է, քան ՀՀ–ից: Սփյուռքից «արտագաղթն» այն է, երբ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, չի կարդում, հայկական ավանդույթով չի ապրում, մի X պահի թեկուզ ազգանունը պահում է, սակայն ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ. դա արտագաղթ է: ՀՀ–ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ «արտագաղթը» կա սփյուռքից», – ասել է Փաշինյանը:

Նա հավելել է՝ օրինակ, 50 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը ազգային կազմակերպություններից որևէ մեկի հետ աֆիլացված էր՝ կլինեն կուսակցությունները, թե Հայ առաքելական եկեղեցին և այլ կազմակերպություններ: 

«Այսօր սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ: Ես հետազոտություն չեմ արել, կարող է լինել 80 տոկոսը: Բայց մոտավոր պատկերացումը սա է: Մենք այսօր սփյուռքը կորցնում ենք: Եվ սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է և մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք սփյուռք չենք ունենա», – նշել է նա՝ հավելելով՝ սփյուռք կմնա, հայ կմնա նա, ով ՀՀ–ն կհամարի իր հայրենիքը:


Կիսվել