Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի բարերար Քըրք Քըրքորյանի անունով. ավագանին ընդունել է նախագիծը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 23, 2025

Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու մասին հարցը, որը ներկայացրել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցն առնվազն 10 տարի է, ինչ օրակարգում կա:

«Լենինգրադյան փողոցի անվանափոխման նախագիծը «Ելք» խմբակցությունը ներկայացրել է նաև 2017 թվականին, որտեղ եղել է քաղաքացիների 10 հազար և ավելի ստորագրություն, որոնք դիմել էին, որպեսզի Լենինգրադյան փողոցն անվանափոխվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, բայց քանի որ Հանրապետական իշխանությունն այդ օրը ֆոկուս արեց և օրակարգի սկզբում բերեց Ազգալդյանի անունով անվանակոչեց Սարալանջում գտնվող մի փոքր փողոց, հետևաբար օրակարգի վերջում դրված հարցը՝ Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով անվանափոխելու, էլ չստացվեց»,- ասել է Խաչատրյանը:

Նախաձեռնությունը նաև քվեարկության է դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում և արժանացել քաղաքացիների հավանությանը:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծիք է հայտնել, թե որոշումը քաղաքական բաղադրիչ ունի, և խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իր հերթին նշել է, թե «Մայր Հայաստան» խմբակցությունը չէր էլ կարող կողմ քվեարկել նախագծին՝ անկախ այն հանգամանքից, թե ում անունով այն կանվանափոխվեր:

«Եթե դուք կողմ քվեարկեք, հավանաբար 24 ժամ հետո ձեր գրասենյակները, բոլոր տարածքային կառույցները կլուծարվեին, կփակվեին, և ձեր նորաստեղծ կուսակցությունն ինքնալուծարման կենթարկվեր»,- հայտարարել է Գալջյանը:

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանն էլ նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը, և նշել, թե կարծում են՝ պետք չէ հարցը քաղաքականացնել:

Քվեարկության արդյունքում 37 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց:

Կիսվել