Լարսը կրկին բաց է, իսկ Արմավիրում կամրջի վնասման պատճառով երթևեկությունը մեկ գոտիով է

Աննա Անտոնյան Հուլիս 31, 2022

Լարսը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար փակվել էր օրեր առաջ` փրկարարական աշխատանքներ իրականացնող ուղղաթիռի կործանման պատճառով։
Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, որը փակվել էր 3 օր առաջ, այն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնեց, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գուդաուրիում ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն ուղևորվել էր կիրճում ընկած պարապլաներիստներին որոնելու, բախվել է ժայռին և պայթել: Ուղղաթիռում կործանման ժամանակ եղել է 8 մարդ` անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ։ Բոլորը զոհվել են, զոհվել է նաև մեկ օտարերկրյա զբոսաշրջիկ։
Հուլիսի 30-ին Վրաստանում սգո օր էր հայտարարված։

Կիսվել