Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են

Աննա Անտոնյան Նոյեմբեր 03, 2025

Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, ու եղբորորդուն ձերբակալել են:

Այս մասին տեղեկությունը հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Գևորգ Ներսիսյանին և որդուն կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացվել:

Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ավելի վաղ հայտնել է, որ իր քաղաքական թիմի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր, որտեղ իրենց սպասել են «Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները և նազիր-վեզիրներից բաղկացած լեգեոնը, մասնավորապես՝ նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայր Գևորգ Ներսիսյանը յուր որդիների հետ»:

«Սույն լեգեոնները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացումը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։

Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- հայտարարել էր Մկրտչյանը:

Ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

Կիսվել