Կարող ենք պնդել՝ Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար. Պապոյան

Աննա Անտոնյան Օգոստոս 04, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոր թվեր է հրապարակել ու անդրադարձել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին, որի շուրջ աղմուկը շարունակվում է արդեն մի քանի օր:

«Ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։

2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։

Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում», - գրել է Պապոյանը:

Հիշեցնենք՝ Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը: Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ 

Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Կիսվել