«Ինչու՞ եք զանգել ՌԴ, խնդրել, որ վերացնեն սահմանափակումները»՝ «ԵԱՏՄ-ի մասին ենք մտածում»

Աննա Անտոնյան Հուլիս 31, 2026

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում մանրամասն պարզաբանել է, որ ՌԴ ղեկավարության հետ կապ հաստատելը և սահմանափակումների հարցը քննարկելը բխում է հենց ԵԱՏՄ-ի շահերից և կառույցի կայունությունը պահպանելու մղումից:
 Նախարարը շեշտել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը վերաբերվում է որպես «իր կազմակերպության»: Հետևաբար, երբ կառույցի ներսում սկզբունքները չեն աշխատում, Երևանը չի կարող անտարբեր մնալ դրանց խախտումների նկատմամբ։
Ըստ Գևորգ Պապոյանի՝ հայկական ապրանքների արտահանման արգելքները և ստեղծված ճգնաժամը միայն Հայաստանի խնդիրը չեն: Սա ամբողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է, քանի որ հարվածում է միության հիմնաքար հանդիսացող տնտեսական ազատություններին։
Ռուսական կողմի հետ հարցը քննարկելը դիտարկվում է ոչ թե որպես միակողմանի «խնդրանք», այլ որպես պատասխանատու անդամ պետության քայլ՝ ուղղված միության ներսում առկա իրավական ու տնտեսական խոչընդոտների շուտափույթ վերացմանը։
Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ եթե տնտեսական միության անդամ երկրների միջև ազատ առևտրի կանոնները հստակ չգործեն, ապա կառույցն ինքնաբերաբար կորցնելու է իր կենսունակությունը։

Կիսվել