Ես լրագրող եմ։ Այն պահից սկսած, երբ սկսեցի ինտերվյուներ վերցնել, այլևս աշխատում եմ այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի վերաբերյալ քաղաքական կարծիքներ չարտահայտել, հրապարակախոսական հոդվածներն իհարկե չհաշված։ Խնդիրը շատ պարզ է իմ մոտ հարցազրույցի եկող մարդիկ չպետք է կաշկանդված լինեն իմ աշխարհայացքով։
Բայց այնուամենայնիվ ԱԺ-ի երեկվա միջադեպը և դրան նախորդած բանավեճը ինձ ստիպում են հրապարակային հարցնել․ Ինչո՞ւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի ծառայել բանակում։
Ի դեպ նա ժամանակին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Համաշխարհային պատմության ամբիոնում ասպիրանտ է եղել, բայց նախատեսված ժամկետում չի ավարտել ատենախոսությունը՝ կիսատ թողնելով ասպիրանտուրան։ Այստեղ երկրորդ հարցն է ի հայտ գալիս․ իսկ ինչո՞ւ գիտական աշխատանքը թողնելուց հետո նա չի զորակոչվել բանակ։ Այս պարագայում էլ կպատասխանեն, թե առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով ազատվել է զինծառայությունից։
Երրորդ հարցը․ այդ ի՞նչ հիվանդություն է, որը պարոն Կոնջորյանին խանգարում է ծառայել բանակում, բայց չի խանգարում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Պառլամենտում աշխատող լրագրող իմ գործընկերներին խնդրում եմ հետևողական լինել այս հարցում և պարզել Կոնջորյանի բանակում չծառայելու պատճառները։
Գրում է Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում