Ինչպե՞ս է կոռուպցիոն գործով անցնող դատավորը նշանակվում Հակակոռուպցիոն դատարանի նախագահ. Հարց՝ Փաշինյանին

Աննա Անտոնյան Մարտ 14, 2023

Ես գիտեմ, որ արդարացման հիմքով կարճվել է գործը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանը անցնում էր քրեական գործով, որ նա, ըստ էության, ընդունել էր մեղքը, քանի որ պետությանը վերականգնել էր 5,8 մլն դրամի վնաս:

«Դա ի վերջո, դատական համակարգից պետք է այդ մարդիկ նշանակվեն: Խնդիրն այն է, որ դատական համակարգը մեկ գործողությամբ չենք կարող դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ենք: Կառավարությունն ի՞նչ կարող է անել, օրինակ, կառավարությունը բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, փորձում է սոցիալական երաշխիքների համակարգ ստեղծել:

Մյսւո կողմից բոլոր այդ ահազանգերը պետք է նայել: Ենթադրում եմ՝ նաեւ ԲԴԽ-ն է այդ ինֆորմացիան տեսնում եւ եթե այդ ինֆորմացիան պետք է մղի ինչ-որ գործողության, կմղի: Եթե չպիտի մղի գործողության, ուրեմն չպետք է մղի: Եթե այդպես նայենք, կարող են շատ դատավորներ լինել, որոնց վերաբերյալ վարույթներ են եղել, բայց մենք հիմա դե յուրե կարճումը համարում ենք գործոն, թե՞ չենք համարում: Դա հարց է, որի պատասխանը նաեւ ես  պետք է տամ, բայց եթե այդպես է, պետք է օրենսդրական կարգավորումներ անենք:

Մի ժամանակ ասում էին՝ դատական համակարգում բան չի փոխվում, հիմա տեսնում ենք, որ փոխվում է, այդ փոփոխությունները ֆիքսված չեն, մենք կատարելության չենք հասնում, բայց գնում ենք այդ ճանապարհով: Մեր նպատակն, ի վերջո, անկախ դատական համակարգ ունենալն է: Այդ մարդը ի վերջո, դատավոր է եղել, եթե այդ հարցը չի ծագել դատավոր լինելու դեպքում, ապա մարդը կարող է նաեւ դատարանի նախագահ լինել»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների դեմ բռնություններին, մասնավորապես, որ ՊՊԾ պետը բռնության էր ենթարկել օպերատորներից մեկին, պատգամավորներից մեկը խլել էր լրագրողներից մեկի հեռախոսը, Փաշինյանն ասաց. «Լրագրողների հետ կապված գործերով ես հետաքրքրվել եմ, խնդրել եմ, որ ինտենսիվ լինեն այդ գործերը, այնտեղ որտեղ արդյունքների հասնելու հնարավորություն կան, հասնեն այդ արդյունքների: Ես քննիչ չեմ, դատախազ չեմ, իրավական գնահատականները պետք է տրվեն իրավապահ մարմինների կողմից»:

Կիսվել