ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ շարունակելով պատմել հասարակական տրանսպորտով երթևեկելիս ստացած իր տպավորությունների, նաև հանդիպումների մասին։
«Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:
Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:
Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:
Նիկոլ Փաշինյանը երեկ երթևեկել էր հասարակական տրանսպորտով և տեսանյութ էր հրապարակել։