Ժամանակակից աշխարհի զարգացման տեմպը նոր մարտահրավերներ է մարդկության առջև դնում: Փոփոխությունների և անկայունության այս պայմաններում հօդս են ցնդում բոլոր կանխատեսումները՝ մեզ դնելով նոր իրականության մեջ, որ թվում է, թե միայն գիտաֆանտաստիկ ֆիլմերում կարող էր պատահել: Ասածիս վառ օրինակը կորոնավիրուսն էր և համատարած լոքդաունը: Նման պայմաններում կասկածի տակ են դրվում մեր գիտելիքներն ու փորձը, աշխարհի ու կյանքի մասին մեր պատկերացումները: Եվ այն, ինչ վերլուծաբանները կանխատեսում են 100 տարի հետո, կարող է տեղի ունենալ մոտ ապագայում և մեզ անակնկալի բերել:
Իսկ ի՞նչ որակներ պիտի ունենա կինն այս միջավայրում, որպեսզի պահպանի իր հուզական աշխարհը, կարողանա ոչ թե գոյատևել, այլ ապրել ու արարել նոր փոփոխված իրականության մեջ: Ձեզ ենք ներկայացնում հինգ որակ, որոնք ձեզ կօգնեն մարտահրավերներին դիմակայելու կարևոր գործում:
1. Հարմարվողականություն
Որքանո՞վ եք հեշտ հարմարվում նոր միջավայրին, ձեզ ինտեգրում այդ պատկերի մեջ. այս որակը որոշիչ կարող է լինել ձեր հետագա կյանքի և գործունեության համար: Հարմարվողականության առաջին թշնամին սթրեսն է ,պետք է կարողանալ սթրեսի հաղթահարման ամենակարճ ուղին գտնել (նայել կետ 4) ։
2. Մտքի ճկունություն
Առավոտյան արթնացե՞լ եք և բախվել նոր իրականությանը: Պատրա՞ստ եք ընկալելու նոր աշխարհի պատկերն ու պահանջները, կողմնորոշվելու այդ նոր իրականության մեջ:
3. Հուզական կայունություն
Հաճա՞խ եք խուճապի մատնվում, երբ հայտնվում եք ձեզ անհայտ իրականության մեջ: Զգացե՞լ եք, թե որքան են խանգարում ճիշտ որոշումներ կայացնելու գործում հույզերը: Պատրա՞ստ եք աշխատելու ձեր հուզականության հետ՝ մեղմացնելով ձեր ներսի փոթորիկները:
4. Անընդհատ նոր բան սովորելու կարողություն
Դուք ունեք մասնագիտություն, որի համար սովորել եք մի քանի տարի, թե նոր եք պատրաստվում ընտրել ձեր մասնագիտությունը, կարևոր չէ: Հիշե՛ք՝ ժամանակի ընթացքում ձեր մասնագիտությունը կարող է վերանալ կամ այնպիսի որակներ պահանջվեն ձեզնից, որ նախկինում անհրաժեշտ չեն եղել: Պատրա՞ստ եք ստանալու նոր գիտելիքներ:
5. Նոր պայմանների և նոր միջավայրի կատարելագործման ձգտում
Դուք հարմարվում եք ցանկացած միջավայրում, կարողանում եք սովորել նորը, կառավարել ձեր հույզերը, հասկանալ իրականության նետած մարտահրավերները, ուրեմն ժամանակն է նաև կատարելագործել և առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները՝ քայլելով ժամանակին համընթաց և գուցե նաև ժամանակից առաջ անցնելով:
Եվ վերջում հիշե՛ք. սխալվում են բոլորը, սխալն ընդունում են քչերը, իսկ դրանք շտկում են եզակիները:
Նյութը պատրաստեց Հասմիկ Սարիբեկյանը